Արմինֆո.Մինչև 2020 թիվը պետությունը կկատարի 1988 թվականի դեկտեմբերի 7-ին աղետալի երկրաշարժից տուժած Շիրակի, Լոռու եւ Արագածոտնի մարզերի 542 ընտանիքների բնակարանային խնդրի լուծման իր պարտավորությունը: Այս մասին դեկտեմբերի 7-ին Գյումրիում կառավարության արտագնա նիստում հայտարարել է Հայաստանի քաղաքաշինության կոմիտեի նախագահ Ավետիք Էլոյանը:
Նրա խոսքերով, վերջին 10 տարիների ընթացքում բնակարանային ապահովման ծրագրի շահառու է համարվել 5381 ընտանիք, որոնցից 4839-ի բնակարանային խնդիրները (շահառուների 90% -ը) լուծվել են 2008-2017 թվականներին: Այս խնդրի լուծմանն ուղորդվել է 65 մլրդ դրամ: Մնացած 542 շահառուների խնդիրները կլուծվեն 2018-2020 թվականների կառավարության ծրագրի շրջանակում: Ավետիք Էլոյանը նաեւ տեղեկացրել է, որ 2018 թվականի պետական բյուջեով հատկացված 460 մլն դրամի հաշվին կլուծվեն Լոռու մարզի գյուղական բնակավայրերում բնակվող 44 ընտանիքների բնակարանային խնդիրները: Աշխատանքները կսկսվեն հաջորդ տարվա սկզբին եւ կավարտվեն նույն տարվա դեկտեմբերի 1-ին: Այսպիսով, կոմիտեի ղեկավարի հավաստմամբ, կմնա լուծել 498 ընտանիքների բնակարանային խնդիրները, ինչի համար կհատկացվի 3,5 մլրդ դրամ:
Բացի այդ, 2018 թվականին պետական բյուջեից 460 մլն դրամ է հատկացվել կրթական, առողջապահական եւ մարզական օբյեկտների շինարարության եւ վերականգնման ծրագրերի իրականացման համար: Համաշխարհային բանկի աջակցությամբ աշխատանքներ են տարվում սեյսմիկ ռիսկի գնահատման նոր սխեմայի մշակման ուղղությամբ: