Արմինֆո.2018-ին առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման համար Շիրակի և Լոռու մարզերին հատկացվել է 774, 4 միլիոն դրամ։ Դեկտեմբերի 7-ին Գյումրիում կառավարության արտահերթ նիստում այդ մասին հայտարարել է տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը` ներկայացնելով աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցը։
Նրա ասելով, նշված գումարից Շիրակի մարզին հատկացվել է 354,9 միլիոն դրամ, իսկ Լոռու մարզին՝ 419,5 միլիոն դրամ։ Միջոցներն ուղղորդվել են շուրջ 45 բնակավայրում 54 ծրագրի իրագործմանը: Նույն ծրագրի շրջանակներում Շիրակի և Լոռու մարզերի համայնքներին լրացուցիչ հատկացվել է 42,9 միլիոն դրամ, որից Շիրակի մարզն ստացել է 31,8 մլն, իսկ Լոռու մարզը` 11,2 մլն դրամ։ Նախարարի պաշտոնակատարի հավաստմամբ, 2018 թվականի ընթացքում Շիրակի և Լոռու մարզերում հավանության են արժանացել 33 սուբվենցիոն ծրագրեր՝ 1,6 մլրդ դրամ ընդհանուր բյուջեով: 27 ծրագրերի մրցույթի արդյունքում ծրագրերի գումարը կազմել է 903,8 մլն դրամ, որից պետական բյուջեի ֆինանսավորման չափը կազմել է 381,3 մլն դրամ։
Նախարարի պաշտոնակատարը ասել է, որ Շիրակի և Լոռու մարզերում 4 ճանապարհների վերանորոգման նպատակով ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը հատկացվել է 222,7 մլն դրամ, և ճանապարհների արդիականացման աշխատանքները կշարունակվեն նաև 2019 թվականին: Սուրեն Պապիկյանը նաև հաղորդել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով Լոռու և Շիրակի մարզերում իրականացվում են 7 ծրագրեր, որոնցից 2-ի ավարտը նախատեսված է 2019 թվականին: Ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 1,9 միլիարդ դրամ, որից Շիրակի մարզին կուղղորդվի 1,2 մլրդ, իսկ Լոռու մարզին` 732 մլն դրամ:
Տարածքային կառավարման նախարարը նաև հաղորդել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհներ» տեխնիկական համագործակցության դրամաշնորհային ծրագրի շրջանակում հատկացվել է շուրջ 1,082 մլրդ դրամ: USAID աջակցությամբ Շիրակի մարզի Ամասիա, Արփի, Սարապատ և Աշոցք համայնքների համար ճանապարհաշինական տեխնիկա, ինքնագնաց գյուղտեխնիկա ձեռք բերելու նպատակով հակտացվել է 1,486 մլրդ դրամ։ Իսկ ԵՄ հետ համագործակցության արդյունքում նշված մարզերում իրականացվում են տարածաշրջանային զարգացման պիլոտային ծրագրեր։ Մասնավորապես, 750 հազար եվրո ուղղորդվել է Շիրակի մարզում «Մայքրոսոֆթ՚ ընկերության ինովացիոն կենտրոնի ստեղծմանը, 549.8 հազար եվրո` Ամասիա համայնքում «Մարդը` կարիքի մեջ՚ ծրագրի իրագործմանը: Նախագծեր են իրականացվում նաև վերականգնվող և այլընտրանքային էներգետիկայի ոլորտում. կառուցվել և շահագոծման է հանձնվել 1 ՄՎտ հզորությամբ արևային էլեկտրակայան: