Արմինֆո. Այսօր՝ դեկտեմբերի 7-ին Գյումրիում մեկնարկել է կառավարության արտագնա նիստը, որը զուգադիպել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գյումրիի քաղաքապետարանում ՀՀ կառավարության արտագնա նիստից առաջ ներկա է գտնվել «Հայփոստ» ՓԲԸ կողմից «Սպիտակի երկրաշարժ» թեմային նվիրված նամականիշի մարման արարողությանը: Նամականիշը մարել են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Հայփոստ» ՓԲԸ խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Նամականիշի վրա կոլաժի տեսքով պատկերված են 1988 թվականի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի տեսարաններ, ավերված շենքեր, փրկարարական աշխատանքներ և Գյումրու Անկախության հրապարակի ժամացույցը, որը ցույց է տալիս երկրաշարժի ժամը: 230 դրամ անվանական արժեքով նամականիշը տպագրված է Ֆրանսիայի Cartor տպագրատանը` 30 հազար տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «Հայփոստ» ՓԲԸ գլխավոր դիզայներ Վահագն Մկրտչյանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորիած «Իմ քայլը՚ դաշինքը դեկտեմբերի 7-ին դադարեցնում է նախընտրական քարոզարշավը և մտադիր է երթ ու մոմավառություն կազմակերպել Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցի առնչությամբ: Երթը կմեկնարկի ժամը 19:00-ին Դավիթաշենի կամրջի մոտից և կավարտվի Կիևյան կամրջի մոտ: «Իմ քայլը՚ դաշինքը բոլոր քաղաքական կուսակցություններին և դաշինքներին կոչ է արել միանալ միջոցառմանը` ի հիշատակ կործանարար երկրաշարժի զոհերի:
Հիշեցնենք, որ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում տեղի ունեցած երկրաշարժի արդյունքում, պաշտոնական տվյալներով, զոհվել է 25 հազար մարդ, 140 հազար մարդ դարձել է հաշմանդամ, 514 հազարը` մնացել անօթևան: Երկրաշարժի հետևանքով շարքից դուրս եկավ Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 տոկոսը: