Արմինֆո.Ս.թ. դեկտեմբերի 10-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտի համերգասրահում տեղի կունենա դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգը՝ նվիրված բուլղարական 20-րդ դարի և ժամանակակից երաժշտությանը:
Ինչպես տեղեկացրել է մամուլի ծառայությունը, համերգի կազմակերպիչներն են ՀՀ-ում Բուլղարիայի հանրապետության դեսպանությունը և ՀՀ Մշակույթի նախարարությունը: Համերգն անցնում է հայ ունկնդրի առջև մեծ ճանաչում գտած 1900+ նախագծի շրջանակում: Այն 1900+ համերգաշարի թվով 14-րդ համերգն է: Ծրագրում ներառված են բուլղարացի 20-րդ դարի դասականներ Պանչո Վլադիգերովի, Դիմիտար Նենովի և Անդրե Բուկուրեշլիևի, մեր օրերում ակտիվ գործունեություն ծավալող կոմպոզիտորներ Պետեր Կերկելովի, Բոժիդար Սպասովի, Ալեքսանդրա Կարաստոյանովա-Հերմենտինի և Անդրեյ Դիամանդիևի ստեղծագործությունները:
“Այս համերգը 2018թ. իմ վերջին համերգն է: Ուրախ եմ, որ հայրենիքում կեզրափակեմ իմ համերգաշրջանը: Կարևոր մի համերգ է ինձ համար, քանի որ պրեմիերաներով լեցուն մի ծրագիր եմ ներկայացնելու իմ ունկնդրին՝ այս անգամ կանգ առնելով բուլղարական ժամանակակից երաժշտության վրա: Տարբեր առիթներով օտար երկրներում, այդ թվում նաև ՊԻԱՆԻՍԻՄՈ փառատոնի շրջանակում հենց Սոֆիայում կատարել եմ բուլղարացի կոմպոզիտորների ստեղծագործություններ: Հատկապես նշանակալից էր Օռլեանի միջազգային մրցույթը՝ 2012թ., որտեղ արժանացա բուլղարացի մեծանուն կոմպոզիտոր Անդրե Բուկուրեշլիևի հատուկ մրցանակին՝ նրա ստեղծագործության լավագույն կատարման համար: Ուրախ եմ, որ այսօր առիթ ունեմ հայ երաժշտասեր հասարակությանը ներկայացնելու այս տաղանդաշատ և առաջադեմ ազգի երաժշտությունը: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում ՀՀ-ում Բուլղարիայի հանրապետության դեսպան, Տն. Մարիա Պավլովային՝ բծախնդիր, միևնույն ժամանակ նրբազգաց համագործակցության համար:”,- նշում է դաշնակահար Հայկ Մելիքյանը:
Նշենք, որ 1900+ համերգաշարը մեկնարկել է 2009թ. դաշնակահար Հայկ Մելիքյանի նախաձեռնությամբ: Այն ուղղված է հայ ունկնդրին՝ պրոպագանդելու 20-րդ դարի և ժամանակակից համաշխարհային դաշնամուրային երաժշտությունը: Մինչ այժմ 1900+ համերգաշարի շրջանակներում հնչել են տարբեր ազգերի երաժշտություն՝ լեհական, ամերիկյան, շվեյցարական, ֆրանսիական, ճապոնական, արգենտինյան, բրազիլական և այլն: 1900+ նախագծի համերգները ներկայացնում են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատներ և դիվանագիտական կառույցներ: