Արմինֆո. Թրամփի վարչակազմը և անձամբ ես ճանաչում ենք պատմական փաստը, որ տեղի է ունեցել Օսմանյան կայսրության անկման շրջանում, ինչի արդյունքում սպանվել և բռնի տեղահանության է ենթարկվել 1,5 մլն մարդ: Այդ մասին հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Լին Թրեյսին` Կոնգրեսում իր ելույթի ժամանակ:
Դեսպանի պաշտոնի թեկնածուն հայտարարել է, որ ընտրվելու դեպքում հնարավորինը կանի այդ զոհերի հիշատակը հարգելու, այդ իրադարձություններին նվիրված բոլոր միջոցառումներին մասնակցելու համար: Սենատոր Մարքին, իր հերթին, հայտարարել է, որ ժամանակն է իրերը կոչելու իրենց անուններով, ինչն իրենց թույլ կտա ունենալ վստահհության քվե:
Պատասխանելով սենատոր Մենենդեսի այն հարցին, թե արդյոք իր թեկնածության հաստատման դեպքում Թրեյսին մտադիր է պատժել դեսպանության այն աշխատակիցներին, որոնք ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, թեկնածուն նշել է, թե, քանի որ իրենք բոլորը հավատարիմ են վարչակազմի քաղաքականությանը, որը հանգում է 1915 թվականի պատմական իրադարձությունների ճանաչմանը` որպես զանգվածային կոտորած, իրենք մասնակցում են հիշատակի բոլոր միջոցառումներին: Այո, ես մարդկանց չեմ պատժում իրենց տեսանկյունի համար, սակայն, որպես գործադիր իշխանության ներկայացուցիչ, մենք պաշտպանում ենք նախագահի քաղաքականությունը: Ի պատասխան` սենատոր Մենեդեսը հայտարարել է, որ 1,5 մլն մարդու սպանությունը ցեղասպանություն է: «Կրկին մենք նշանակում ենք դեսպանի, որը ծաղիկներ է դնելու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում` այդ ոճրագործությունը չբնորոշելով որպես ցեղասպանություն. իրոք ծիծաղելի է՚, - ամփոփել է սենատորը:
Ամերիկայի հայ ազգային կոմիտեի գործադիր տնօրեն Արամ Համփարյանն, իր հերթին, ափսոսանք է հայտնել Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածուի «զգուշավոր՚ բառապաշարի առնչությամբ:
Անդրադառնալով Հայաստանում իր գործունեությանը` թեկնածուն հայտարարել է, որ ուշադրությունը կսևեռվի երեք ուղղություններով` կոռուպցիայի դեմ պայքար, քաղաքացիական հասարակության ամրապնդում և անկախ աջակցություն ԶԼՄ-ներին: «Գտնվելով աշխարհագրական և մշակութային խաչմերուկում` Հայաստանը միշտ եղել է շահերի կենտրոնում, և մեր նպատակն է այդ երկիրը տեսնել իրոք ինքնիշխան և սեփական գործընկերներին ընտրելու իրանունք ունեցող՚, - հայտարարել է Թրեյսին:
Հավելենք, որ Թրեյսին ԱՄՆ Պետդեպարտամենտում Ռուսաստանի գործերով գլխավոր խորհրդական է, ավելի վաղ եղել է Մոսկվայում և Թուրքմենստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելությունների ղեկավարի տեղակալ: Նա աշխատել է նաև Ղազախստանում և Պակիստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելություններում: