Արմինֆո. Հայաստանը 2017 թվականին աշխարհի 10 առավել ռազմականացված երկրներից մեկն է և Եվրոպայի ամենառազմականացված երկիրը։ Այդ են են վկայում Բոննի կոնվերսիայի միջազգային կենտրոնի հրապարակած Ռազմականացման գլոբալ ինդեքս 2018-ի տվյալները։
Տասնյակում ներառված են Իսրայելը, Սինգապուրը, Հայաստանը, Կիպրոսը, Հարավային Կորեան, Ռուսաստանը, Հորդանանը, Բրունեյը եւ Բելառուսը։ Ինչպես նշվում է զեկույցում այս երկրները մեծ ռեսուրսներ են հատկացնում ռազմական կարիքներին` մյուս ոլորտների համեմատ։
«Չնայած 2016 թվականին ապրիլին բռնության արյունալի էսկալացիայից հետո հրադադարի շուրջ բանակցություններին` վերջին երկու տարիներին Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում գրանցվել են փոխհրաձգություններ եւ ադրբեջանական անօդաչու սարքի մեկ հարձակում։ Տարածաշրջանում շարունակվող լարվածության արդյունքում Հայաստանը (3) եւ Ադրբեջանը (12) շարունակում են չափազանց շատ ռեսուրսներ ներդնել զինված ուժերում», - ասվում է զեկույցում։
Ինչ վերաբերում է Հայաստանի մյուս հարևաններին, ապա` Վրաստանը 52-րդ տեղում է, Թուրքիան՝ 20-րդ, իսկ Իրանը` 22-րդ տեղում։
Զեկույցը հիմնված է 2017 թվականի տվյալների վրա եւ ներառում է 155 երկրների վերաբերյալ տվյալներ։