Արմինֆո. ՀՀ ոստիկանությունը հերքում է Հանրապետական կուսակցությունից պատգամավորի թեկնածուներ Արփինե Հովհաննիսյանի և Էդուարդ Շարմազանովի հայտարարություններն այն մասին, որ իրավապահ մարմինները ճնշում են գործադրում ՀՀԿ կողմնակիցների վրա՝ պահանջելով զերծ մնալ քարոզարշավի ժամանակ և քվեարկության օրը կուսակցությանն աջակցելուց:
<ՀՀ ԱԺ պատգամավոր Արփինե Հովհաննիսյանի` Ֆեյսբուք սոցցանցում տարածած «Ոստիկանությունը նախընտրական ճնշման գործիքե վերնագրով գրառման կապակցությամբ հայտնում ենք, որ նրա ներկայացրած «Հաղորդում հանցագործության մասինե վերտառությամբ դիմում-հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով: Դատախազությունը ստուգել է մերժման օրինականությունը: Արփինե Հովհաննիսյանն ազատ է բողոքարկելու մերժման մասին որոշումը:
Ինչ վերաբերում է ԱԺ ընտրությունների քարոզարշավին ոստիկանության միջամտելու վերաբերյալ Արփինե Հովհաննիսյանի գրառմանը, ապա հայտնենք, որ այն ստահոդ է և պայմանավորված քարոզարշավի տրամաբանությամբ: Ոստիկանությունն ապաքաղաքական կառույց է, չի մասնակցում քաղաքական գործընթացներին և հստակ իրականացնում է բոլորի համար հավասար պայմաններ ապահովելու իր պարտականությունը>,- ասվում է ոստիկանության հայտարարության մեջ:
Նշենք, որ նախօրեին ՀՀԿ-ից պատգամավորի թեկնածուներ Արփինե Հովհաննիսյանը և Էդուարդ Շարմազանովը հանդես են եկել հայտարարություններով, որ իրավապահ մարմինները ճնշում են գործադրում կուսակցության կողմանկիցների վրա՝ կանչելով ոստիկանություն և պահանջելով հրաժարվել հանրապետականներին աջակցելուց: Հովհանիսյանի հավաստմամբ,
որոշ անձանց նույնիսկ ստիպում են մինչև ընտրության օրը ժամանակավոր լքել հանրապետությունը:
Նախօրեին ՀՀԿ-ից ևս մեկ թեկնածու Վահան Բաբայանը նույնպես դիմել է ոստիկանություն՝ կապված իր հասցեին սպառնալիքների հետ: Համանման հայտարարությամբ հանդես է եկել նաև ՀՅԴ համամասնական ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող Արթուր Խաչատրյանը: Նա հայտնել է, որ փորձել են կոտրել Facebook-ի իր էջը և տարբեր սպառնալիքներ գրել իր հասցեին:
ԶԼՄ-ներում ընտական օրենսդրության խախտման փորձերի վերաբերյալ ևս մեկ տեղեկություն էր հայտնվել: Խոսքը, մասնավորապես, վերաբերել է զինծառայողների նկատմամբ ճնշման մասին՝ ստիպելու նրանց քվեարկել <Իմ քայլը> դաշինքի օգտին: ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հերքել է այն՝ <ծիծաղելի> անվանելով այդ հրապարակումները: