Արմինֆո. ՀՀ ԱԱԾ օպերատիվ ստորաբաժանումների կողմից նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված քրեական գործով պարզվել է, որ «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաե ՊՈԱԿ-ի Գյումրու մասնաճյուղի տնօրենը, կազմակերպությանը հատկացված միջոցներից 2012-2017 թվականների ընթացքում շուրջ 121 մլն ՀՀ դրամ է փոխանցել իր իսկ ղեկավարած հասարակական կազմակերպությանը, որից հետո գումարը յուրացվել է:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԱԾ մամուլի ծառայությունը, բացի այդ, փառատոնի անցկացման նպատակով միջազգային հիմնադրամի կողմից իր ղեկավարած նույն հասարակական կազմակերպությանը 2015 թվականին հատկացված գումարներից յուրացրել է ևս 3.000.000 ՌԴ ռուբլի՝ կեղծ հաշիվ-ապրանքագրերի հիման վրա ձևակերպելով, թե իբր այն ծախսվել է փառատոնի մասնակիցներին հյուրանոցներում կեցությամբ ապահովելու համար:
ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից բացահայտվել են նաև ՀՀ մի շարք մարզերի տարբեր համայնքապետարանների և կից հիմնարկների աշխատակիցների կողմից, պաշտոնեական դիրքի չարաշահմամբ, առանձնապես խոշոր չափերով՝ տասնյակ միլիոնավոր դրամների հասնող գումարների յուրացման դեպքեր: Մասնավորապես՝ պարզվել է, որ հիշյալ անձինք համայնքային բյուջեից աշխատավարձեր են վճարել իրականում տևական ժամանակ աշխատանքի չհաճախած անձանց, գումարներ են դուրս գրել չմատուցված ծառայությունների, փաստացի ձեռք չբերված ապրանքների ու դիզվառելիքի դիմաց, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին դրամական օժանդակություն ցուցաբերելու պատրվակով, բացի այդ իրենց մտերիմներին, սահմանված կարգի խախտմամբ, տրամադրել են շինթույլտվություններ, շուկայականից էականորեն ցածր գներով օտարել կամ վարձակալության են տվել համայնքային պատկանելության շենք-շինություններ և հողատարածքներ:
Նշված դեպքերի առթիվ հարուցված թվով 10 քրեական գործերն ուղարկվել են ըստ քննչական ենթակայության՝ նախաքննությունը շարունակելու նպատակով:
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը ևս մեկ անգամ նախազգուշացնում է, որ բյուջեի միջոցների պատշաճ տնօրինման գործընթացը մշտապես պահվելու է օպերատիվ հսկողության ներքո, և ձեռնարկվելու են անհրաժեշտ բոլոր միջոցառումները՝ չարաշահումների և յուրացումների հնարավոր դեպքերը կանխելու և բացահայտելու ուղղությամբ: