Արմինֆո.Այն փաստը, որ Ռուսաստանը սպառազինություն և ռազմական տեխնիկա է մատակարարում Հայաստանին, չեզոքացնում է Ադրբեջանի քանակական գերազանցությունը: Այս մասին դեկտեմբերի 1-ին <Լազարևյան ակումբի> նիստում ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն Վլադիմիր Եվսեևը:
Նա նշել է, որ սպառազինության մատակարարումներում հատուկ տեղ է զբաղեցնում <Իսկանդեր> օպերատիվ-տակտիկական հրթիռային համակարգը և համազարկային կրակի համակարգերը: Եվսեևն ընդգծել է, որ այսօր Ադրբեջանը ռազմական տեխնիկայի մատակարարներ է փնտրում, որն իր բնութագրերով համարժեք կլիներ <Իսկանդերին: <Այդ պատճառով էլ Ադրբեջանը Բելառուսից գնել է <Պոլոնեզ> կայանքը: Սակայն, ուզում եմ նշել, որ այդ կայանքը, այնուամենայնիվ, զիջում է <Իսկանդերին>: Ադրբեջանն Իսրայելից գնում է անօդաչու թռչող սարքեր, իսկ Հայաստանը Ռուսաստանից ձեռք է բերել ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ>,- նշել է փորձագետը:
Եվսեևը հայտարարել է նաև, Ադրբեջանը, այնուամենայնիվ, չի հրաժարվում որակական գերազանցության հասնելու իր փորձերից: <Եթե Ադրբեջանին հաջողվի որակական գերազանցության հասնել, դա կարող է դրդել վերջինիս ռազմական գործողություններին: Ուզում եմ ընդգծել, որ ստեղծված իրավիճակում Հայաստանի և Արցախի համար խիստ վտանգավոր է շփման գծի ցանկացած փոփոխություն: Բանն այն է, որ Ղարաբաղի շուրջ <անվտանգության գոտին> հանրապետության տարածքի համար լավ պաշտպանություն է: Սահմանի ցանկացած փոփոխություն կարող է հանգեցնել ոչ միայն անվտանգության գոտու, այլ նաև՝ ողջ Ղարաբաղի կորստին>,- ընդգծել է փորձագետը:
Այս առնչությամբ Եվսեևն ընդգծել է հայ-ռուսական համագործակցության կարևորությունը, որը Հայաստանի անվտանգության երաշխավորն է՝ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի դեպքում: