Արմինֆո.Նոյեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում տեղի են ունեցել հերթական խորհրդակցությունները՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։
Ինչպես տեղեկացրել է Արցախի ԱԳՆ մամուլի ծառայությունը, Արցախյան կողմից խորհրդակցություններին մասնակցում էին արտաքին գործերի նախարարի տեղակալներ Ֆելիքս Խաչատրյանը և Արմինե Ալեքսանյանը, ինչպես նաև ԱԳՆ առանձին ստորաբաժանումների ղեկավարներ, իսկ Հայաստանի Հանրապետությունից՝ Արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը։
Խորհրդակցությունների ընթացքում մտքեր են փոխանակվել Արցախի միջազգային համագործակցության և միջազգային գործընթացներում ներգրավվածության ընդլայնման շուրջ։
Խորհրդակցությունների շրջանակներում Շավարշ Քոչարյանին ընդունել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը։ ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել երկու գերատեսչությունների միջև համագործակցությունը՝ կարևորելով տարբեր մակարդակներով շփումներն ու խորհրդատվությունների անցկացումը, որոնք պարբերական բնույթ են կրում։