Արմինֆո.Վերջին 20 տարում Հայաստանի և Արցախի ղեկավարության միջև հակաճառության որևէ դեպք չեմ հիշում: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ մեկնաբանելով այս օրերին Արցախի ղեկավարության հասցեին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի քննադատությանը:
<Երևույթը չափազանց տագնապալի է: Ինչո՞վ է դա պայմանավորված և ի՞նչ շարժառիթներով է ղեկավարվում վարչապետը՝ դժվարանում եմ ասել: Բայց այն, որ դա տագնապալի և տհաճ երևույթ է, փաստ է: Կուզեի, որ դա այլևս երբեք չկրկնվեր: Դա չի կարող չմտահոգել>,- ասել է Սողոմոնյանը՝ հույս հայտնելով, որ դա շատ արագ կհասկանան նաև նրանք, ովքեր այդ ամենը սկսել են:
Դիտարկմանը, թե կարող են արդյոք այդ իրադարձություններն անդրադառնալ բանակցային գործընթացի վրա, երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը փաստել է, որ բանակցային գործընթացն ինքնին այնքան զգայուն է, որ չկան այնպիսի իրադարձություններ, որոնք չկարողանային չազդել բանակցային գործընթացի վրա: <Ցավալի է, բայց վախենում եմ, որ կազադի>,- եզրափակել է Սողոմոնյանը:
Նշենք, որ Փաշինյանը քննադատել էր Արցախի իշխանություններին, այն բանից հետո, երբ Արցախի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ խիստ արձագանքեցին <Իմ քայլը> նախընտրական դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի հայտարարությունը, թե ժողովրդի հաղթանակը հեղափոխությունում ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը: Փաշինյանն արցախցի պաշտոնյաներին կոչ է արել քաղաքական աչոկներ չհավաքել, քիթները չխոթել Հայաստանի ներքաղաքական գործընթացների մեջ և զբաղվել իրենց պարտականություններով: Հաջորդ օրը Փաշինյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանին կոչ է արել կարգի հրավիրել իր ենթականներին:
Ավելին, Փաշինյանը հայտարարել էր, որ ինքը ՀՀ միակ ղեկավարն է, ում որդին ծառայում է առաջնագծում: Այդ հայտարարությանն արձագանքել է երկրորդ նախագահի որդին՝ Լևոն Քոչարյանը: Նա հրապարակել է զինծառայության տարիներին արված լուսանկարները` գրելով, որ ծառայել է նույն պայմաններում, ինչ մյուսները: