Արմինֆո. ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները նոր հանգամանքների հիման վրա ևս մեկ բողոք են ներկայացրել Վերաքննիչ դատարան: Ինչպես լրագրողների հետ զրույցում հայտարարել է նախկին նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը, խոսքը վերաբերում է ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսային խոսակցությունից հետո ի հայտ եկած հանգամանքներին։
Ինչպես գտնում են Քոչարյանի փաստաբանը, առաջին ատյանի դատարանի կողմից երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացվել է որոշակի ճնշման ներքո: Ալումյանի խոսքով, հայտնի հեռախոսազրույցը լսելուց հետո պարզ է դառնում, որ առաջին ատյանի դատարան կալանավորելու վերաբերյալ միջնորդություն ներկայացված է եղել այն նպատակով, որպեսզի ստիպեն ցուցմունք տալ, և օրինական նպատակներ չի հետապնդել:
Փաստաբանի կարծիքով, Քոչարյանի կալանավորման համար առաջին հերթին պետք է ապացուցված համարեն, որ նա այս գործով չպետք է օգտվի անձեռնմխելիության իրավունքից: Երկրորդ, եթե կապացուցվեր, որ անձեռնմխելիությունից չի օգտվում, նոր դրանից հետո պետք է քննարկվեր՝ արդյոք առկա է հիմնավոր կասկած, որ պարոն Քոչարյանը կատարել է այն ամենը, ինչ իրեն մեղսագրվում է: Սակայն, փաստաբանի խոսքով, հիմնավոր կասկածը նույնպես բավարար չէ նրան կալանավորելու համար: Պետք է ապացուցվի նաև, որ Քոչարյանը ազատության մեջ մնալու դեպքում կարող է թաքնվել քննությունից կամ ինչ-որ կերպ խոչընդոտել նախաքննությանը:
Պատասխանելով այն դիտարկմանը, որ նոր հանգամանքներիկ հիման վրա փաստաբանների հերթական բողոքը կարող է անհիմն համարվել, քանի որ այդ խոսակցության գաղտնալսումը կարող է որպես ապօրինի ապացույց դիտարկվել՝ Ալումյանը պատասխանել է. <Չկա դատավճիռ, ըստ որի՝ կարելի էր ասել, որ գաղտնալսումը եղել է ապօրինի>:
Վճռաբեկ դատարանը նոյեմբերի 15-ին բեկանել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորում վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը և գործն ուղարկել նոր քննության: ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը կշարունակվի դեկտեմբերի 3-ին: