Արմինֆո.Կենտրոնական և տարածքային ընտրական հանձնաժողովների հանդեպ վստահության առումով առայժմ որեւէ մտահոգություն չի արտահայտվել։ Այդ մասին ասվում է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ հրապարակած ընտրությունների միջանկյալ զեկույցում:
Միջանկյալ զեկույցում նշվում է, որ մտահոգություն չի դիտվում նաև պատգամավորության թեկնածուների գրանցման առնչությամբ, մասնավորապես, պահպանվել է 25 տոկոսի սեռային քվոտան: Սակայն նաև նշվում է, որ տարբեր հանդիպումների ժամանակ մտահոգություն է հայտնվել ԿԸՀ կողմից ընտրացուցակների հրապարակման ժամանակ անձնական տվյալների գաղտնիությունը խախտելու առնչությամբ:
Դիտորդները նաև նշել են, որ քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է նոյեմբերի 26-ին, սակայն վաղաժամ քարոզչությունը չի արգելվում: Միևնույն ժամանակ, հանդիպումների ընթացքում դիտորդների զրուցակիցներից ոմանք մտահոգություն են հայտնել պետական ռեսուրսների հնարավոր չարաշահման, քվեների գնման, ինչպես նաեւ ընտրողների վրա ճնշում գործադրելու վերաբերյալ, հատկապես` գյուղական համայնքներում: Հանդիպումների մասնակիցների մեծ մասը մտահոգություն է հայտնել անհանդուրժողական եւ սադրիչ հռետորաբանության առնչությամբ, հատկապես` սոցիալական ցանցերում: Միջանկյալ զեկույցում նաև ընգծվում է, որ պետական պաշտոնյաների կողմից քարոզչության անցկացումն իրենց ծառայողական լիազորությունների կատարմանը զուգընթաց արգելվում է: Նշվում է, որ որոշ քաղաքական ուժեր ԶԼՄ-ներին և դիտորդների հետ հանդիպումներում հայտարարել են, որ նոյեմբերի 19-ին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի այցը Գեղարքունիքի մարզ եղել է վարչական ռեսուրսի չարաշահում:
Զեկույցում նշվում է, որ լրատվական միջավայրը բազմազան է, սակայն ԶԼՄ-ներն ընկալվում են որպես քաղաքական ուժերի ածանցյալներ, այդ թվում` Հանրային հեռուստաընկերությունը: Փորձագետների կարծիքով, ի լրումն ԶԼՄ-ների` քաղաքական տեղեկատվության նշանակալի հարթակ են սոցիալական ցանցերը, մասնավորապես, «Ֆեյսբուքը՚: Միևնույն ժամանակ, զեկույցում նշվում է, որ պետբյուջեի միջոցներով ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունն ընկալվում է որպես իշխանամետ լրատվամիջոց: ԺՀՄԻԳ դիտորդների հետ հանդիպումների մասնակիցներից ոմանք էլ հանրային դիսկուրսը որակել են ոչ նպաստավոր` իշխանություններին, մասնավորապես, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին հասցեագրված քննադատության համար: