Արմինֆո. Նոյեմբերի 29-ին ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանն ընդունել է 2018թ. հունիսին հայ-ադրբեջանական սահմանը հատած ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի ծնողներին:
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում Կ. Ղազարյանի ծնողներն անհանգստություն են հայտնել որդու առողջական վիճակի հնարավոր սրացման առնչությամբ՝ պայմանավորված նրա` Ադրբեջանում անազատության մեջ գտնվելու և ընթացող դատավարության պայմաններով, կրկին անգամ նշել են, որ 2004-2006թթ. պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո Կ. Ղազարյանը երբևէ չի ծառայել ՀՀ զինված ուժերում:
ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ Դավիթ Տոնոյանն իր հերթին նշել է, որ հայկական կողմն ինտենսիվ աշխատում է Կ. Ղազարյանին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ՝ համագործակցելով ինչպես ԵԱՀԿ Մինսկի համանախագահների, այնպես էլ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հետ:
Դավիթ Տոնոյանը միաժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանի իշխանությունները Կ. Ղազարյանի՝ հայրենիք վերադառնալու հումանիտար բնույթի խնդիրը չեն դիտարկի հակամարտող կողմերի ռազմագերիների փոխանակման համատեքստում:
Նշենք, որ նոյեմբերի 6-ին ադրբեջանական մամուլում տեղեկություն է տարածվել այն մասին, որ Գանձակ (Գյանջա) քաղաքում սկսվել է Հայաստանի գերեվարված քաղաքացի, Տավուշի մարզի սահմանամերձ Բերդավան գյուղի բնակիչ Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը: Կարեն Ղազարյանը, ում Ադրբեջանը ներկայացնում է որպես «դիվերսանտ», անհայտ պատճառներով հայտնվել էր ադրբեջանական տարածքում այս տարվա հուլիսին։ Նրան մեղադրանք է ներկայացվել Ադրբեջանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով, այդ թվում՝ հասարակական անվտանգության, սահմանադրական կարգի հիմունքների և պետության անվտանգության դեմ հանցագործություններ կատարելու համար: Նշվում է, թե Կարեն Ղազարյանը փորձել է «ահաբեկչություն իրականացնել» Ադրբեջանի տարածքում: Սա, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական հերթական քարոզչական գործողություն։ ՀՀ քաղաքացու գերեվարման օրից՝ հայկական կողմը փաստել է, որ Կարեն Ղազարյանը երբևէ չի ծառայել ՀՀ զինված ուժերում։ Ավելին, նա ունի առողջական խնդիրներ և 2013թ.-ից հաշվառված է համապատասխան հաստատությունում։ Բոլոր փաստերը հայկական կողմը ներկայացրել է ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, այնպես էլ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան բյուրո։