Արմինֆո.Ներկա պայմաններում, երբ Թուրքիան և Ադրբեջանը թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ, Իրանը կարևոր կապուղի է մեզ համար: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը` իսրայելական maariv պարբերականում հրապարակված հարցազրույցում:
ՙԻրանի հետ մենք երկար համատեղ պատմություն ունենք: Հայերի մշակութային ներդրումն Իրանում կարևոր է նրանց համար: Ներկա պայմաններում, երբ Թուրքիան և Ադրբեջանը թշնամաբար են տրամադրված մեր հանդեպ, Իրանը կարևոր կապուղի է մեզ համար: Մենք բազմաթիվ երկրների հետ լավ հարաբերություններ ունենք, և կարևոր է, որ լավ հարաբերությունները մեկի հետ չզարգանան մեկ այլ երկրի հետ հարաբերությունների հաշվին՚, - ասել է արտգործնախարարի պաշտոնակատարը: Ի պատասխան այն հարցի, թե ինչպես կարձագանքի Իրանը, եթե Հաայստանը ջերմացի հարաբերություններն Իսրայելի հետ, Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է. ՙԻնչպես ասացի՝ հարաբերությունները մեկի հետ չպետք է զարգանան մեկ այլ երկրի հետ հարաբերությունների հաշվին՚:
Անդրադառնալով պաշտպանական ոլորտում հայ-իսրայելական համագործակցությանը` Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարն ասել է. ՙՀայաստանը մտահոգված է իր անվտանգության խնդիրներով, և մենք նաև մեծ պրոբլեմ ունենք՝ Լեռնային Ղարաբաղը: Մարդիկ այնտեղ վտանգված են: Ինչպես հայտնի է, Իսրայելն Ադրբեջանին զենք է վաճառել, ուստի մենք ուզում ենք աշխատել ձեզ հետ ռազմական համագործակցության շուրջ՚:
Մեկնաբանելով Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանի պաշտոնաթողությունը` Մնացականյանն ընդգծել է, որ նրա պաշտոնաթողությունը չի փոխի իր կարծիքը նրա մասին: «Նա այն մարդն է, ով զենք է վաճառում իմ հակառակորդին՝ Ադրբեջանին՚, - ամփոփել է Հայաստանի արտգործնախարարի պաշտոնակատարը: