Արմինֆո. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը նախօրեին այցելել է Բունդեսթագ, հանդիպել Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ:
Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեն ողջունել է նախագահ Արմեն Սարգսյանի առաջին պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
«Ինձ համար մեծ պատիվ է այս պատմական շենքում ներկայացնել իմ երկիրըե,- ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ նշելով, որ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Գերմանիայի հետ բազմաոլորտ համագործակցությանը և մեծապես կարևորում է միջխորհրդարանական հարաբերությունների հետևողական զարգացումը:
Հանրապետության նախագահի խոսքով՝ որպես խորհրդարանական կառավարման համակարգի շատ կարճ պատմություն ունեցող երկիր, Հայաստանի համար հետաքրքիր և ուսանելի են Գերմանիայի խորհրդարանական ժողովրդավարության ավանդույթներն ու մշակույթը։
Նշելով, որ Հայաստանն այսօր աշխարհում դիտվում է որպես խաղաղ ճանապարհով մեծ փոփոխություններ կատարելու օրինակ՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր Հայաստանի այսօրվա խնդիրն է՝ առկա դրական մեծ էներգիան վերածել դրական արդյունքների, և ինքը լավատես է ապագայի նկատմամբ։
Նախագահ Սարգսյանն ու Բունդեսթագի նախագահն անդրադարձել են նաև Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ընթացքին, վիզաների ազատականացման խնդրին, ինչպես նաև խոսել են գիտակրթական, մշակութային ոլորտներում համագործակցության ընդլայնման անհրաժեշտության մասին։