Արմինֆո.<Սասնա ծռեր> կուսակցության համահիմնադիր Ժիրայր Սեֆիլյանը գտնում է, որ այսօր նախկին իշխանությունը և Կրեմլը փորձում են սեպ խրել <Սասնա ծռեր> կուսակցության անդամների և Նիկոլ Փաշինյանի հարաբերություններում: <Ուզում եմ հստակ հայտարարել հայ ժողովրդին՝ մենք բարիդրացիական հարաբերությունների մեջ ենք Նիկոլ Փաշինյանի հետ>,- նոյեմբերի 28-ին Էջմիածին քաղաքում ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սեֆիլյանը:
Նրա խոսքով, ժողովուրդը պետք է հասկանա, որ <Սասնա ծռեր> համահայկական կուսակցության առաքելությունն ապագա խորհրդարանում կառավարող մեծամասնությանը հակակշիռ ստեղծելն է: Օրենսդիր մարմնի աշխատանքում <Սասնա ծռերի> անդամների ներգրավումը կոչված է նաև խոչընդոտելու 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների համար պատասխանատու քաղաքական ուժերի՝ <ՀՀԿ-ի, վերջինիս շահերը սպասարկող ԲՀԿ-ի, ՕԵԿ-ի և ՀՅԴ-ի> խորհրդարան անցնելուն:
Ինչ վերաբերում է <Իմ քայլը> նախընտրական դաշինքի անդամ Սասուն Միքայելյանի հայտարարությանը, որ հեղափոխությունում ժողովրդի հաղթանակն ավելի կարևոր էր, քան արցախյան ազատամարտը, Սեֆիլյանը գտնում է, որ պետք չէ շահարկել սխալ ձևակերպված արտահայտությունը: