Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է ադրբեջանում գերեվարված Կարեն Ղազարյանի ծնողների հհետ: Ավելի վաղ Նոյեմբերյանում ընտրողների հետ հանդիպմանը Փաշինյանը, անդրադառնալով «Բոլորին` բոլորի դիմաց՚ փոխանակելու Ադրբեջանի առաջարկությանը, հայտարարել էր, որ Ադրբեջանը հանդես է եկել կիսապաշտոնական առաջարկությամբ:
Փաշինյանը հիշեցրել էր, որ Արցախում կա երեք ադրբեջանցի, իսկ Ադրբեջանում` երեք հայ: «Նրանք առաջարկում են փոխանակում «բոլորին` բոլորի դիմաց՚, սակայն ամեն բան այդպես հեշտ չէ՚, - ասել է Փաշինյանը, հիշեցնելով, որ Արցախում Ադրբեջանի երկու քաղաքացիներ դատապարտված են ազատազրկման` 20 տարով և ցմահ, Արցախի Հանրապետության երկու քաղաքացիների սպանության համար: «Արդյո՞ք սպանվածների հարազատները կհամաձայնեն, որպեսզի այդ ոճրագործները հանձնվեն Ադրբեջանին՚, - հարց է տվել նա, հավելելով, որ Ադրբեջանում նրանք կհերոսացվեն` ինչպես Ռամիլ Սաֆարովը, որը կացնահարել էր հայ սպային: «Սակայն, դա չի նշանակում, թե մենք չենք զբաղվում մեր գերիներին վերադարձնելու հարցով, մենք այդ հարցը բարձրացնում ենք տարբեր ձևաչափերում, անգամ, քննարկում ենք ադրբեջանական կողմի հետ օպերատիվ կապով: Սակայն նրանք պնդում են իրենցը` «բոլորին` բոլորի դիմաց՚, - հայտարարել է Փաշինյանը: Հիշեցնելելով Հայաստանի սահմանն ապօրինաբար հատած Թուրքիայի քաղաքացուն առանց նախապայմանի հայրենիք վերադարձնելու հանգամանքը` Նիկոլ Փաշինյանը դա համարել է մարդասիրական քայլ, ընդգծելով, որ հայկական կողմը նույնն է ակնկալում Ադրբեջանից:
Ավելի վաղ Ղազարյանի հարազատները փակել էին Հայաստան-Վրաստան միջպետական սահմանը` պահանջելով նրան վերադարձնել: Նախօրեին ադրբեջանական ԶԼՄ-ներում հրապարակվել է Ադրբեջանում գերեվարված Արսեն Բաղդասարյանի նամակը` Նիկոլ Փաշինյանին, որում նա խնդրում է համաձայնել Ադրբեջանի առաջարիկությանը: