Արմինֆո. Մի շարք հանգամանքների բերումով Ալավերդի քաղաքը համարվում է ՀՀԿ հենակետ: Այդ մասին երեկ Ալավերդու ընտրողների հետ հանդիպմանը հայտարարել է վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Նրա ասելով, դա պայմանավորված է այն հանգամանքով, որ ԱԺ փոխխոսնակ, ՀՀԿ-ից պատգամավորության թեկնածու Էդուարդ Շարմազանովը և Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը ալավերդցի են: «Այստեղ անձերի խնդիր չէ, ես նրանց հետ ոչ մի անձնական խնդիր չունեմ: ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվություն պետք է պաշտպանված լինի, յուրաքանչյուր անհատի իրավունքները պետք է հարգվեն: Այսօր Մեծ Պառնի գյուղում մարդիկ ասացին՝ եթե թողեն, կընտրենք: Ես շոկ եմ ապրել: Ոչ մի հին համակարգ չի գործում: Հին համակարգը մեր մտքերում է գործում, հանեք ձեր մտքից հին համակարգը», - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: «Մենք այդ ճանապարհով չենք գնալու: Եթե մենք իմանանք, որ դուք ամենավատ ընտրությունն եք կատարելու, մենք ենթարկվելու ենք ձեր բոլոր որոշումներին: Բայց ես հույս ունեմ, որ դուք աղբանոցը կնետեք կոռումպացված հանրապետականին եւ մեկ ձայն անգամ չեք տա», - նշել է նա:
ՀՀԿ փոխնախագահ, նախընտրական քարոզարշավի համակարգող Արմեն Աշոտյանն, իր հերթին, նախօրեին «Դվին՚ հյուրանոցում ընտրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանին կոչ է արել չվախեցնել ՀՀԿ-ին: «Մարդ կա, որ վատանում է պարբերաբար, մատ է թափ տալիս մեզ վրա, հաթաթաներ է տալիս, արմատախիլ անելու կոչեր է անում. հարգելիս, չփորձես վախեցնել հանրապետականներին, մեր հետեւում կանգնած մարդիկ վախեցողը չեն՚, - հայտարարել է Աշոտյանը, հավելելով, թե «իրենց կուսակցությունը սովետական ԳՈՒԼԱԳ–ից չի վախեցել, Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերին խրամատ փորելուց չի վախեցել, պետականության վերականգնման առաջին տարվանից պատասխանատվությունից չի վախեցել՚: «Պետություն կառուցելու ճանապարհին անցյալի դասերը ՀՀԿ–ն հաշվի կառնի՚, - հայտարարել է Արմեն Աշոտյանը։