


Արմինֆո. Քաղաքացիները պետք է ընտրություն կատարեն` ղեկավարվելով բանականությամբ և ինտելեկտով, այլ ոչ թե «դուխով՚ կարգախոսի ազդեցության տակ: Այդպիսի համոզմունք է հայտնել ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը` նոյեմբերի 27-ին նախընտրական քարոզարշավի շրջանակում կրթության, գիտության և մշակույթի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ:
Արթուր Բաղդասարյանի ասելով, ՕԵԿ օգտին կքվեարկեն այն ընտրողները, որոնք կարողանում են մտածել, ի վիճակի են վերլուծել և կայացնել հավասարակշռված որոշումներ: Նա նաև հայտարարել է, որ այսօր երկրի առջև լուրջ մարտահրավերներ են կանգնած, և Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները պահանջում են ամրապնդում և շարունակություն: ՕԵԿ առաջնորդի համոզմամբ, առողջապահության, սոցիալ-տնտեսական, մշակութային ոլորտներում առկա խնդիրները լուծելու համար խորհրդարանում պետք է լինեն փորձառու ուժեր, որոնք կարող են իշխանություններին ուղղորդել հարկավոր հուն: Արթուր Բաղդասարյանը վստահ է, որ ՕԵԿ-ը բազմամյա գործունեությամբ ապացուցել է իր կայացածությունը:



