Արմինֆո. «Իմ քայլը՚ դաշինքի քաղաքական թիմն այս պահի դրությամբ կատարել է ժողովրդի հանդեպ ստանձնած բոլոր պարտավորությունները: Այդ մասին հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 25-ին միջոցների հանգանակությանը նվիրված երեկոյի ընթացքում` ներկայացնելով «Իմ քայլը՚ դաշինքի նախընտրական ծրագիրը: Դաշինքին հաջողվել է հանգանակել 230 մլն դրամ, որը կուղղորդվի նախընտրական քարոզարշավի ֆինանսավորմանը:
Փաշինյանի ասելով, իր գլխավորած քաղաքական թիմն իշխանությունը վերադարձրել է ժողովրդին և ակնկալում է համաժողովրդական վստահության քվե` առաջիկա հինգ տարում երկրի կառավարման ղեկին լինելու համար: Փաշինյանի ասելով, իրենց համար կարևորագույն խնդիրը տնտեսական հեղափոխության իրագործումն է` քաղաքական հեղափոխության արդյունքների ամրագրմամբ, ինչը ենթադրում է Հայաստանի տնտեսության կառուցվածքային փոփոխություն, որը համապատասխանի ազգային անվտանգության պահանջներին և ազգային շահերին: Նա ընդգծել է, որ առաջիկա հինգ տարվա կառավարության գերակայությունը կլինի Հայաստանի տնտեսության փոխակերպումը ագրարայինից արդյունաբերականի և բարձրտեխնոլոգիականի:
Վարչապետի պաշտոնակատարը հայտարարել է, որ կառավարության գերակայությունները նպատակաուղղված են ազգային անվտանգության ապահովմանն ու Արցախի միջազգային ճանաչմանը, ինչպես նաև աղքատության հաղթահարմանը` բոլորի համար հավասար պայմաններ հաստատելու միջոցով: Աղքատության հաղթահարման համար կառավարությունը նախատեսում է միկրոձեռնարկատիրությունն ազատել հարկային պարտավորություններից, ինչն աշխատանքի խրախուսման գլխավոր պայման է: Նրա համոզմամբ, Հայաստանը տեխնոլոգիական երկիր դարձնելուն միտված կարևորագույն քայլերից մեկը կլինի եկամտահարկի նվազեցումը 13 տ.կ.` դրանով իսկ խրախուսելով աշխատատեղերի ստեղծումը տեխնոլոգիական ոլորտում և բարձր աշխատավարձերի հաստատումը: Նիկոլ Փաշինյանի հավաստմամբ, նոր կառավարության ուղերձը հասցվել է գործարար շրջանակներին, և առաջիկայում Հայաստանի տնտեսությունում ակնկալվում են ֆինանսական ներարկումներ:
Անդրադառնալով արտաքին քաղաքականությանը` վարչապետի պաշտոնակատարը հերթական անգամ հայտարարել է, որ կառավարույթյան գերակայություններն անփոփոխ են. Ռուսաստանի հետ ռազմավարական դաշինքի ամրապնդում, ռազմավարական հարաբերությունների հաստատում Իրանի և Վրաստանի հետ, ԱՄՆ, ԵՄ, Չինաստանի, Հնդկաստանի և Ճապոնիայի հետ հարաբերությունների զարգացման շարունակում` ոչ այլ երկրների հետ հարաբերությունների հաշվին: Նա նաև նշել է, որ Հայաստանը կշարունակի մասնակցությունը ԵԱՏՄ-ին, ինչպես նաև` ՀԱՊԿ-ին, ակնկալելով, որ այն հարցերը, որոնք վերջին 10 տարում բաց էին մնում դրա մասնակիցների համար, որոշակի պատասխաններ կստանան:
Նիկոլ փաշինյանը նաև պարզաբանել է, թե «Իմ քայլը՚ ինչպես է պատրաստվում իրագործել նախընտրական կարգախոսը` «Երջանիկ անհատ, հոգատար հասարակություն, հզոր պետություն՚: Նրա համոզմամբ, դա ենթադրում է երկրի քաղաքացիների ազատության, արդարության, անվտանգության ապահովում, յուրաքանչյուր քաղաքացու արժանապատվության պաշտպանություն: Նրա համոզմամբ, Հայաստանում պետք է բացառվեն տնտեսական և քաղաքական հետապնդումները, և այդ հարցում իշխանությունը փոխզիջում չի հանդուրժելու: Փաշինյանի ասելով, նոր կառավարության կարևորագույն խնդիրը կլինի ժողովրդի մտածելակերպի փոփոխությունը: «Բոլորը, ովքեր քվեարկեն «Իմ քայլը՚ դաշինքի օգտին, կքվեարկեն հօգուտ լավատեսության՚, - հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: