Արմինֆո. <Ես չեմ համարում, որ Բելառուսի հետ կրքերը բորբոքվել են, որ հիմա էլ հանդարտվեն>,-լրագրողների հետ զրույցում հավաստիացրել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի հարցում երկու երկրների հակասական դիրքորոշումներին: <Այն, ինչ ասել եմ, ուժի մեջ է և սրանից հետո լինելու է ուժի մեջ>,-հայտարարել է Փաշինյանը:
Նշենք, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի պաշտոնանկումից հետո Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես եկավ հայտարարությամբ, որ կողմ է Հայաստանի լիազորությունների վաղաժամկետ դադարեցմանը`որպես կազմակերպությունում նախագահող երկրի և գլխավոր քարտուղարի պաշտոնը ռոտացիոն կարգով Բելառուսին անցնելուն: Այնուհետև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպանի հետ քննարկեց ստեղծված իրավիճակը, պատմելով նրան փակ հանդիպման մանրամասները և աջակցելով Նազարբաևի դիրքորոշմանը: Ի պատասխան, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Բելառուսի և Ղազախստանի նախագահներից կպահանջի բացատրություն: Մինսկը, արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Անատոլի Գլազայի միջոցով Փաշինյանին մեղադրեց միջազգային արձանագրային նորմերը խախտելու մեջ: «Հայաստանի վարչապետի պաշտոնակատարն իրեն դրել է միջազգային դատխազի տեղը: Փողոցային ժողովրդավարության նորմերն ընդունելի չեն միջազգային քաղաքականության մեջ»: Երևանն այս հայտարարությանն արձագանքեց պատգամավոր Ալեն Սիմոնյանի մակարդակով, ով ընդգծեց, որ Մինսկը չէ, որ պետք է Փաշինյանին դասավանդի միջազգային քաղաքականության կանոնները և նորմերը, քանի որ Մինսկն անընդհատ խախտում է դրանք: