Արմինֆո. Անկարան Հայաստանի հանդեպ որևէ նախապաշարմունք չունի: Այդ մասին <Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններ. ձևավորել ապագան> խորագրով գիտաժողովի ընթացքում հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:
Ermenihaber-ի համաձայն՝ անդրադառնալով ղարաբաղյան խնդրին՝ նա ընդգծել է ՌԴ դերը ԵԱՀԿ Մինսկի խմբում: Նրա խոսքով, Թուրքիան հիմնախնդրին վերաբերող մի շարք նախաձեռնություններով է հանդես եկել: Ըստ Քալընի՝ այդ հարցում սերտորեն համագործակցել են ռուս գործընկերների հետ, սակայն <ինչ-որ ուժերի> խառնվելու արդյունքում գործընթացը ձախողվել է: Քալընը ընդգծել է նաև, որ աջակցում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Բաքվի դիրքորոշմանը, և գտնում է, որ հակամարտության կարգավորումը ձեռնտու է առաջին հերթին Հայաստանին: