Արմինֆո.Արգելոցների և հատուկ պահպանվող գոտիների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են 40, առանձին դեպքերում, 100 տոկոսով: Նոյեմբերի 23-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին հայտարարել է բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը, հավելելով, որ հատուկ պահպանվող տարածքները հագեցվել են ժամանակակից տեխնիկայով, փոխվել է լուսավորման համակարգը, տրամադրվել են հրշեջ մեքենաներ:
Ինչ վերաբերում է միջազգային ծրագրերին, ոպո, նախարարի պաշտոնակատարի ասելով, իրագործվում են 78 մլն դոլարի ծրագրեր: Մասնավորապես, դիտարկման համակարգի արդիականացմանը հատկացվել է 1 մլն դոլար, Արթիկի փակ քարհանքի թափոնների կառավարման փորձնական ծրագրին` 1,5 մլն դոլար, Գերմանական զարգացման բանկը 23,2 մլն եվրո դրամաշնորհ կհատկացնի երկրում կենսաբազմազանության պահպանման համար, կա նաև «Հատուկ պահպանվող տարածքների կառավարման բարելավման շուրջ՚ պայմանագիր Հայաստանի և ՄԹ դեսպանության միջև, ինչի համար հատկացվել է 11,3 մլն դրամ:
Նախարարի պաշտոնակատարի հավաստմամբ, օրենսդրական փոփոխությունների առնչությամբ խստացվել է գետերի վրա ՀԷԿ-երի կառուցման կարգը, լուծվել է Սևանա լճի առափնյա շրջանների մաքրման շուրջ 117 մլն դրամի պայմանագիրը: Նաև առաջին անգամ թափոնների տեսակավորման ենթակառուցվածք է ստեղծվել Արարատի մարզում:
Հավելենք, որ նախարարի պաշտոնակատարի մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի բնապահպանական ճակատի ներկայացուցիչները փորձել են ներխուժել նախարարության շենք, և մամուլի ասուլիսի ավարտից հետո ներթափանցելով նախարարի պաշտոնակատարի ընդունարան, պահանջել են նրա հետ հանդիպում, հայտարարելով, որ մտադիր են բարձրաձայնել կարևոր հարցերի մասին: Նրանք նաև պահանջել են ուղիղ եթեր: Գրիգորյանը համաձայնել է նրանց հետ հանդիպել, սակայն կտրուկ մերժել է ուղիղ եթերը: Արդյունքում` կողմերն այդպես էլ փոխհամաձայնության չեն հանգել, և Հայաստանի բնապահպանական ճակատի ներկայացուցիչները հեռացել են նախարարության շենքից: