Արմինֆո.Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը փորձել է բացատրել <Հայաստան> համահայկական հիմնադրամի <Հեռուստամարաթոն-2018>-ի այսօրվա արդյունքները և այն փաստը, որ, հակառակ սպասումներին, այս տարի ավելի քիչ գումար է հանգանակվել, քան անցած տարի՝ չնայած այն բանին, որ կառավարությունն ավելի վաղ հայտարարել էր, որ իշխանափոխությունից հետո, կոռուպցիայի դեմ պայքարի և հիմնադրամի ղեկավարության փոփոխության արդյունքում, մեր հայրենակիցների վստահությունը բաևձրացել է, և նրանք պատրաստ են ավելացնել իրենց նվիրատվությունները և ներդրումները:
<Կան օբյեկտիվ իրողություններ՝ կապված ժամանակի պակասի հետ, քանի որ մինչև վերջին պահը սփյուռքում չգիտեին՝ ընդհանրապես կանցկացվի արդյոք հեռուստամարաթոն, թե՞ ոչ>,- փորձել է արդարանալ նախարարը: Ըստ որում, նա խոստովանել է, որ իր գլխավորած գերատեսչությունը նույնպես բացթողումներ է թույլ տվել սփյուռքի հետ աշխատանքում՝ իրազեկման և համակարգման մասով:
Նրա խոսքով, նախարարության և կառավարության առջև սփյուռքի հետ հարաբերությունների առողջացման խնդիր է դրված, քանի որ չի կարելի հույսը միայն հետհեղափոխական էյֆորիայի վրա դնել: <Անհրաժեշտ են սփյուռքի հետ հարաբերությունների բարելավմանն ուղղված խորքային քայլերր: Հայաստանն ինքը պետք է որոշի սփյուռքի հետ աշխատանքի տրամաբանությունը՝ պետք է արդյոք այն հանդիսանա միայն գումարի աղբյուր, թե՞ հայրենիքը պետք է ինչ-որ կերպ համակարգի արտերկրում հայկական կառույցների աշխատանքը>,- նշել է նախարարի պաշտոնակատարը: Հայրապետյանը նաև չի բացառել ընտրություններից հետո իր գլխավորած նախարարության վերափոխումը վարչության:
Նշենք, որ նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում մեկնարկած «Արարենք միասին» կարգախոսով անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար: Անցած տարի հանգանակվել էր 12 մլն 505 հազար 456 դոլար:
Ամենամեծ գումարը հավաքվել է 2008 թվականին՝ $31 մլն: