Արմինֆո. Նոյեմբերի 22-ին Լոս Անջելեսում մեկնարկած «Արարենք միասին» կարգախոսով անցկացված «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա հեռուստամարաթոնի ընթացքում հանգանակվել է 11 մլն 109 հազար 633 ԱՄՆ դոլար:
Հավաքված միջոցները կուղղորդվեն Արցախում երկու ծրագրերի իրականացմանը, որոնք սկսվել են անցյալ տարի. խորքային հորերի հորատումը եւ կաթիլային ոռոգման համակարգի ստեղծումը, ինչպես նաեւ Արցախում այլընտրանքային էներգիայի կիրառումը: Այդ ծրագրերի իրագործման արդյունքում Մարտունու եւ Ասկերանի շրջաններում մոտ 200 հա հողատարածք կդառնա ոռոգելի:
Նշենք, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամին նվիրաբերել է 5.753.496 դրամ, իսկ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վարչապետի հիմնադրամից նվիրաբերել է 1 միլիոն դրամ, իսկ սեփական միջոցներից` 500.000 դրամ: Ամենամեծ նվիրատվությունը այս տարի կազմել է 2 մլն 300 հազար դոլար, որն ստացվել է ԱՄՆ անանուն դոնորից: Հիշեցնենք, որ նախորդ տարի «Բերքառատ Արցախ» կարգախոսով անցկացված հեռուստամարաթոնում հանգանակվել էր 12.505.456 ԱՄՆ դոլար, իսկ ամենամեծ գումարը հավաքվել էր 2008 թվականին` 31 մլն դոլար: Հեռուստամարաթոնն ամեն տարի անցկացվում է Լոս Անջելեսում: Հիմնադրամի գործունեության 25 տարվա ընթացքում Հայաստանում եւ Արցախում իրականացվել է ավելի քան 50.000 ծրագիր` ավելի քան 350 միլիոն դոլար ընդհանուր արժեքով: այդ միջոցներով կառուցվել և վերանորոգվել է 605 կմ ճանապարհներ, 580 կմ ջրատարներ, 149 կմ գազատարներ, 70 կմ էլեկտրագծեր, 359 դպրոցներ եւ մանկապարտեզներ, 24 համայնքային կենտրոններ, 500 տուն եւ բնակարան, 75 բուժհիմնարկ, 58 մշակութային եւ սպորտային կենտրոններ, 100 ջերմոց, ինչպես նաեւ իրականացվել են 169 կրթական, մշակութային եւ գիտական նախագծեր: «Հայաստան՚ համահայկական հիմնադրամը հիմնադրվել է 1992 թվականին: Դրա հիմնական խնդիրը համազգային նախագծերի իրականացումն է: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում, որը գլխավորում է ՀՀ նախագահը, ընդգրկված են աշխարհի տարբեր երկրներում հայկական սփյուռքի հեղինակավոր ներկայացուցիչներ: Հիմնադրամի միջոցները ձեւավորվում են ամենամյա բարեգործական հեռուստամարաթոնների, հեռախոսային եւ ռադիո-մարաթոնների, տարբեր երկրներում անցկացվող հեծանվային մարաթոնների, ինչպես նաեւ բարեգործական ճաշկերույթների, համերգների եւ ցուցահանդեսների արդյունքում ստացված միջոցների հաշվին: Ֆոնդերը հավաքագրվում են փոստային եւ SMS փոխանցումների միջոցով, ինչպես նաեւ հիմնադրամի անունով նպատակային ներդրումներից: 1996 թվականից հեռուստամարաթոնն ամեն տարի անցկացվում է Լոս Անջելեսում` հեռարձակվելով ողջ աշխարհում: Այս միջոցառմանը տարվա ընթացքում Հայաստանում, Արցախում եւ Սփյուռքում հավաքագրված գումարները ամփոփվում են մեկ ընդհանուր հաշվին, հաշվետվություն է ներկայացվում նվիրատուներին: Այս ակցիան համախմբում է բոլոր հայերին` կենսական կարևորության խնդիրների լուծման շուրջ: Հեռուստամարաթոնում հանգանակված միջոցներն ուղղորդվում են ռազմավարական նշանակության լայնածավալ ծրագրերի իրականացմանը, որոնք հաստատվում են հոգաբարձուների խորհրդի տարեկան ժողովում: