


Արմինֆո. Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ստորագրել է Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Այդ մասին կառավարության ղեկավարի պաշտոնակատարը գրառում է կատարել «Ֆեյսբուքի՚ իր էջում:
«Երեկ ստորագրեցի Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը: Որոշումները դե յուրե ուժի մեջ կմտնեն ՀՀ նախագահի հրամանագիրը ստորագրվելուց հետո: Հ.Գ. ՀՀ օրենսդրությամբ ետին թվով քաղաքացիություն շնորհելու ոչ մի հնարավորություն չկա: Հետեւաբար՝ քաղաքացիությունն ուժի մեջ կմտնի այս տարվանից՚, - գրել է վարչապետի պաշտոնակատարը:
Հավելենք, որ Ժիրայր Սեֆիլյանը նախորդ դարի 90-ական թվականներից բնակվում է Հայաստանում, սակայն նրան մի քանի անգամ մերժել են ՀՀ քաղաքացիության տրամադրումը: Ստանալով ՀՀ քաղաքացիություն, Ժիրայր Սեֆիլյանը, սակայն, չի կարող առաջադրվել պատգամավորի թեկնածու, քանի որ, ըստ օրենքի, դրա համար պահանջվում է ունենալ վերջին 5 տարվա ՀՀ քաղաքացիություն:



