Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում մասնակցում է «Տրանսպորտային շաբաթ-2018» ամենամյա միջոցառմանը, որը ներառում է տրանսպորտի բնագավառի առավել նշանակալի միջոցառումների համալիր` ԱՊՀ անդամ պետությունների օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարների, արտասահմանյան տրանսպորտային ընկերությունների, ֆինանսական ինստիտուտների, ապահովագրական ընկերությունների, բանկերի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, միջոցառման շրջանակներում ՀՀ և ՌԴ միջև ստորագրվել է «Ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի քննության հարցերով միջազգային բյուրոյի ստեղծման և գործունեության մասին» համաձայնագիրը։
Հայկական կողմից այն ստորագրել է նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը, ռուսական կողմից՝ ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխը։ Համաձայնագրին հետագայում միանալու են Ղազախստանը, Ղրղզստանը, Բելառուսը, բայց այն բաց է լինելու նաև այլ երկրների համար:
«Տրանսպորտային շաբաթ-2018» - ի ընթացքում տեղի է ունեցել նաև «Ռուսաստանի տրանսպորտ. Միասնական թվային հարթակ» համաժողովը, որին հաջորդել է Ճանապարհային երթևեկությունը Ռուսաստանի Դաշնությունում» 9-րդ միջազգային համագումարը, «ԳԼՈՆԱՍՍ տեխնոլոգիաները թվային էկոնոմիկայում» լիագումար նիստը։ Նախատեսվում են մի շարք ոլորտային համագումարներ: Այցի ընթացքում նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը պաշտոնական հանդիպում է ունենալու ՌԴ տրանսպորտի նախարար Եվգենի Դիտրիխի հետ: