Արմինֆո. «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանե ՓԲԸ-ը (HSBC Հայաստան) և Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) 2018-2019 ուսումնական տարում կրթաթոշակ են տրամադրել Հայաստանի 5 մարզերի 1-4-րդ կուրսերի 40 ուսանողների՝ «Էյչ-Էս-Բի-Սի կրթաթոշակե ծրագրի շրջանակներում: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, HSBC Հայաստան-COAF համատեղ կրթաթոշակի ընդհանուր դրամական ֆոնդը կազմել է 9.5 միլիոն ՀՀ դրամ։
Երկու կազմակերպությունների քառամյա համագործակցության արդյունքում ավելի քան 100 մարզաբնակ ուսանողների ընձեռվել է Հայաստանի պետական և մասնավոր բուհերում ու միջին մասնագիտական հաստատություններում ստացիոնար և հեռակա ուսում ստանալու հնարավորություն։ Ի լրումն ֆինանսական աջակցության, նշված կազմակերպություններն ուսանողներին ընձեռել են մասնագիտական պրակտիկայի և փորձի փոխանակման հնարավորություն:
Նշենք, որ HSBC Holdings plc-ն՝ HSBC Խմբի ընկերության գլխամասը, գտնվում է Լոնդոնում: Խումբն իր հաճախորդներին ծառայություններ է տրամադրում իր մոտ 3800 գրասենյակներից, որոնք գտնվում են 66 երկրներում և տարածաշրջաններում՝ Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային և Լատինական Ամերիկայում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում: HSBC-ն հանդիսանում է աշխարհի ամենախոշոր և հզոր ֆինանսական կառույցներից մեկը, որի ակտիվները 2018թ-ի սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել են 2 603 միլիարդ ԱՄՆ դոլար: «Էյչ-Էս- Բի-Սի Բանկ Հայաստանե ՓԲԸ-ը հիմնադրվել է 1996թ-ին։ Բանկը համատեղ ձեռնարկություն է, որի 70%-ը պատկանում է HSBC Խմբին, իսկ 30%-ը` արտերկրի հայ գործարարներին: