Արմինֆո.2018թ. հունվարից մինչև նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում հանրապետության բժշկական հաստատություններում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների դեպքերի առթիվ քննչական մարմինների վարույթում նախապատրաստվել է 51 նյութ, որոնցից 41-ով հարուցվել են քրեական գործեր:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից, դրանք վերաբերում են բժշկական հաստատություններում պաշտոնեական դիրքի օգտագործմամբ կատարված յուրացումների, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ խարդախության եղանակով կատարված հափշտակությունների, փաստաթղթերի կեղծման, պաշտոնեական կեղծիքների կատարման առերևույթ հանցավոր արարքներին:
ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ, 179-րդ, 314-րդ, 325-րդ հոդվածներով քննվող քրեական գործերից 12-ի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նոյեմբերի 1-ի դրությամբ մեղադրանք է առաջադրվել ընդհանուրը 20 անձի:
Նշված քրեական գործերով պատճառված վնասը նախնական հաշվարկով կազմում է
551.464.501 ՀՀ դրամ, որից նախաքննության ընթացքում՝ վերականգնվել է
15.113.644 ՀՀ դրամը: Միջոցներ են ձեռնարկվում վնասի լիարժեք վերականգնումն ապահովելու ուղղությամբ: