Արմինֆո. ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցն ամենաէականը չէ, խաղագծին դրված են շատ ավելի կարևոր և խորքային հարցեր: Նոյեմբերի 20-ին մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հեռանկարը` եթե հայկական կողմի դիրքորոշումն անտեսվի:
Փաշինյանի ասելով, բոլորը պետք է հասկանան, որ այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի վերապահումը Հայաստանին երկրորդական հարց է, և պետք է հասկանալ, թե ինչ է տվել Հայաստանին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, ինչ առավելություն` սեփական շահերի պաշտպանության գործում, ինչ կկորցնի հանրապետությունն` այդ պաշտոնը կորցնելով: Հայաստանի վարչապետի պաշտոնակատարի համոզմամբ, հիմա անհրաժեշտ է կողմնորոշվել ռազմաքաղաքական դաշինքի անդամների փոխադարձ պարտավորությունների առնչությամբ: Նա պարզաբանել է, որ Հայաստանը պետք է հասկանա, թե արդյոք այդ կազմակերպությունը, որ, ըստ էության, համարվում է երկրի անվտանգության երաշխավոր, իրականում այդպիսին է: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ տվյալ փուլում քննարկվում է Հայաստանի և Արցախի անվտանգության հարցը, թե ինչ ակնկալիքներ կարող են լինել կազմակերպության անդամությունից, ինչի են պատրաստ դրա անդամները, և, գլխավորը, որքանով է դա առնչվում իրականությանը: