Արմինֆո. ՀԱՊԿ-ում առկա գործընթացները խաղ չեն, այլ միջազգային քաղաքական գործընթաց են, որում յուրաքանչյուր պետություն պաշտպանում է սեփական շահերը:
ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդ մասին հայտարարել է քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը` անդրադառնալով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնի շուրջ սկանդալին: Քաղաքագետն ընդսմին հավելել է, որ այդ առնչությամբ յուրաքանչյուր երկիր պատրաստ է ներկայացնել սեփական հիմնավորումները` թե ինչպես պետք է զարգանան գործընթացները ՀԱՊԿ ներսում: Նա փաստել է, թե Հայաստանն, անշուշտ, համոզված է, որ պետք է շարունակի կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունները: «Իհարկե, Հայաստանն այդ հարցում պետք է ղեկավարվի, առաջին հերթին, սեփական շահերով, և, կամ, պահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, կամ գնա փոխզիջման, ընդ որում, զուգընթաց մշակելով իրավական մեխանիզմներ, որոնք կարգավորեն գլխավոր քարտուղարին փոխելու գործընթացը` ֆորս-մաժորային հանգամանքներում՚, - նշել է քաղաքագետը:
Ընդ որում, Մարկարովը կարծում է, որ տվյալ դեպքում Հայաստանի կողմից փոխզիջում կլինի այդ պաշտոնում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովի մնալը: «Եթե դեկտեմբերի 6-ին պետությունների ղեկավարներին, այնուամենայնիվ, չհաջողվի փոխհամաձայնության հանգել, Հայաստանի համար ավելի ընդունելի կլինի Սեմերիկովի կողմից լիազորությունների կատարման ինքնաբերաբար շարունակումը, քան պաշտոնի հանձնումն այլ պետության ներկայացուցչի՚, - համոզմունք է հայտնել փորձագետը:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Բելառուսի միջև դիվանագիտական սկանդալից հետո ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Վալերի Սեմերիկովը հանդես է եկել մեկնաբանությամբ: «Ինչպես նոյեմբերի 8–ի Աստանայի գագաթնաժողովի արդյունքներն ամփոփելիս նշել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Աբիշևիչ Նազարբաևը, ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի անդամները կշարունակեն կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցի քննարկումը: Ինչպես հայտնի է, մեզ մոտ արտառոց իրավիճակ է. հայկական կողմի առաջարկով Հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից, և այժմ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրված է ինձ վրա: Նոյեմբերի 8-ին Աստանայյում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների քննարկման արդյունքում մի քանի մոտեցում է ձևավորվել՝ ներառյալ Հավաքական անվտանգության խորհրդի (ՀԱԽ) որոշմամբ նախատեսված ռոտացիոն սկզբունքի կիրառումը, ըստ որի, նախագահությունը փոխանցվում է այբբենական կարգով (ըստ դրա՝ հաջորդը Բելառուսի Հանրապետությունն է)։ Հենց այդ սկզբունքի մասին էր խոսում Ղազախստանի նախագահը՝ ամփոփելով Աստանայի քննարկման արդյունքները։ Մյուս դիրքորոշումն է (Հայաստան)` մինչև եռամյա ժամկետի ավարտը մնացած ժամանակի համար նշանակել իր ներկայացուցչին. շատ երկրներում հրաց է առաջանում նման քայլի արդյունավետության առնչությամբ: Հավաքական անվտանգության խորհուրդը շարունակում է դիտարկել այդ հարցը ավանդական կառուցողական փոխգործակցության և դաշնակցության ոգով։ Միաժամանակ, ուզում եմ հատկապես նշել, որ, ամեն դեպքում, որոշումը կայացվելու է զուտ ՀԱՊԿ վեց երկրների ձևաչափով, փոխհամաձայնության հիման վրա՝ հաշվի առնելով բոլոր երկրների շահերը։ Լիահույս եմ, որ ԶԼՄ-ները զերծ կմնան տարբեր մեկնաբանություններից, որոնք չեն արտացոլում կազմակերպության գլխավոր քարտուղարի նշանակման հետ կապված իրական գործընթացները։ Ընդհանուր առմամբ, ցանկանում եմ հավաստիացնել, որ ՀԱՊԿ քարտուղարությունն ու միացյալ շտաբը լիովին իրականացնում են կազմակերպության անդամ պետությունների անվտանգության ապահովմանն առնչվող բոլոր խնդիրները՚: