Արմինֆո. Առաջիկա ընտրություններում կհաղթեն ռուսամետ կողմնորոշում ունեցող ուժերը: Մամուլի ասուլիսում այդպիսի կանխատեսում է արել «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ նախագահ, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Նա ընդսմին նշել է, թե Հայաստանի իշխանությունները չպետք է թույլ տան, որպեսզի նախընտրական շրջանում հանրապետությունը վերածվի Ռուսաստանի և Արևմուտքի շահերի բախման հարթակի: «Հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը պետք է համալրվի մյուս աշխարհաքաղաքական վեկտորների հետ հանրապետության համագործակցությամբ, իրնչն, ի դեպ, Երևանը հաջողությամբ արել և անում է՚, - ասել է նա:
Նրա համոմզմամբ, վերջին ժամանակներս ակտիվացած հակառուսական տրամադրությունների ֆոնին առաջիկա ընտրություններին մասնակցող ուժերը պետք է հստակ նախանշեն իրենց աշխրհաքաղաքական հայացքները: «Կարծում եմ, պետք է հստակ պատասխան տրվի ամեն տեսակ հակառուսական հայտարարության, որպեսզի մեր ռազմավարական գործընկերը դրանում չտեսնի ընտրություններից հետո աշխարհաքաղաքական վեկտորի փոփոխության միտում: Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական գործընկերն է բոլոր ոլորտներում` տնտեսական, քաղաքական, պաշտպանական, աջակցում է նրա անվտանգության բարձրացմանը, հենց այդ տրամաբանությունից ելնելով, երկրի նոր իշխանությունները ոչ միայն պետք է շարունակեն ժառանգած արտաքին քաղաքական գիծը, այլև պետք է ավելի խորացնեն հարաբերությունները Մոսկվայի հետ՚, - ամփոփել է նա:
«Նորավանք՚ գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանն, իր հերթին, հայտարարել է, թե Հայաստանի առավելությունն այն է, որ ակտիվ մասնակցում է թե եվրասիական, թե արևմտյան գործընթացներին, և մեր խնդիրը այդ վեկտորների միջև կամրջի դեր ստանձնելն է: Նա նաև նշել է, որ առաջիկա ընտրություններում ժողովուրդը պետք է ընտրի այն ուժին, որը կապահովի երկրի զարգացումը: Գ.Հարությունյանն ընդսմին հիշեցրել է, որ Խորհրդային Հայաստանի համեմատ մի քանի անգամ նվազել է բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ մակարդակը, երեք անգամ կրճատվել է տեխնոլոգիական կադրերի թիվը, հավելելով, որ Հայաստանի ապագա իշխանությունների ուշադրությունը պետք է սևեռվի հենց այդ հարցերին: