Արմինֆո. Ռիըլ-փոլիթիքի բոլոր կանոններով հեղափոխություններից հետո արձանագրվում է տնտեսական անկում, և սկսվում է հետհեղափոխական ֆրուստրացիա: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի անդամ, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու Սամվել Մանուկյանը:
Նա համոզմունք է հայտնել, թե այդ ֆրուստրացիան հաղթահարելու համար Հայաստանի նոր իշխանություններին շատ փող է հարկավոր, ինչի առնչությամբ նրանք արդեն դիմել են Եվրոպային, սակայն պատասխանն անմխիթարական է: «Հեղափոխությունն արդեն կատարվել է, ենթադրվում է, որ երկիրը ոտք է դրել ժողովրդավարական զարգացման ուղի, հետևաբար, ֆինանսական աջակցության ավելացում ակնկալելու հարկ չկա՚, - բացատրել է փորձագետը:
Նա նաև նշել է, որ Հայաստանի նոր իշխանությունները մեծ ցանկության դեպքում կարող են փող գտնել, սակայն դա նրանց համար թանկ կարժենա: «Օրինակ, փող կարող է տրամադրել ԱՄՆ, սակայն` շատ ծանր պայմաններով, ինչի մասին արդեն ակնարկել են այդ երկրի տարբեր բարձրաստիճան ներկայացուցիչներ` այցելելով երկիր և տարածաշրջան՚, - ընդգծել է Մանուկյանը, նշելով, որ իրավիճակից ելք պետք է գտնել սեփական ուժերով, մասնավորապես, ստեղծել տարբեր ապրանքների արտահանման պետական կորպորացիաներ, ինչը հանրապետությունը կազատի օլիգարխիայից կախվածությունից:
Հավելենք, որ տարբեր փորձագետների և քաղաքական գործիչների կարծիքով, տարածաշրջան այցի ժամանակ Թրամփի խորհրդական Ջոն Բոլթոնը Հայաստանի համար վտանգավոր մի քանի ուղերձ է հնչեցրել, որոնք առնչվում են հայ-իրանական, հայ-սիրիական հարաբերություններին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդուհանդերձ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը տեղին չի համարել այդ մտավախությունները: «Բոլթոնի այցը կարելի է համարել դիվանագիտական հաջողություն, իսկ ավելի որոշակի ես այդ մասին կարտահայտվեմ ավելի ուշ՚, - հայտարարել է Փաշինյանը: