Արմինֆո. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին առնչվող պատմությունը Հայաստանի նոր իշխանությունների քաղաքական անփորձության արդյունք է: Մամուլի ասուլիսում այդպիսի կարծիք է հայտնել «Ինտեգրում և զարգացում՚ հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպության ղեկավար, Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանը:
Նա ընդսմին նշել է, որ հայ հասարակությունը կների նոր իշխանության այդ «անփութությունը՚, քանի որ վերջինս մեծ վստահություն է վայելում: «Այդուհանդերձ, չարժե դրամատիզացնել իրավիճակը: Հարցի ցանկացած ելքի դեպքում ողբերգություն չի լինի: Իսկ, հնարավոր է, անգամ, հաջողվի շահաբաժիններ ստանալ ստեղծված իրավիճակից, օրինակ, «կորզել՚ զենքի ձեռք բերման ավելի արտոնյալ պայմաններ, սակայն դա` Ռուսաստանի հետ ճիշտ աշխատանքի դեպքում՚, - հայտարարել է փորձագետը:
«Նորավանք՚ գիտակրթական հիմնադրամի տնօրեն, քաղաքագետ Գագիկ Հարությունյանը նույնպես համաձայնել է գործընկերոջ կարծիքին` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխությանն առնչվող իրավիճակը համարելով Հայաստանի նոր իշխանությունների լուրջ սխալ: Նա նաև ընդգծել է, որ Հայաստանը կարող էր ստեղծված իրավիճակից դուրս գալ իր համար օգուտով, եթե կարողանար այդ պաշտոնի համար առաջ մղել պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանի թեկնածությունը: «Իսկ եթե դա չհաջողվի անել, կարծում եմ, որ Հարությունյանը Հայաստանի ԱԽ քարտուղարի հիանալի թեկնածու է: Ամեն դեպքում, ես ուրախ եմ, որ երկրի նոր իշխանությունները քննարկում են նրա ներուժը լուրջ դիրքերում օգտագործելու հարցը՚, - ամփոփել է փորձագետը: