Արմինֆո. Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացատրություն կպահանջի Բելառուսի և Ղազախստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոյից և Նուրսուլթան Նազարբաևից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցի քննարկման շուրջ ստեղծված իրավիճակի առնչությամբ:
Անդրադառնալով Բելառուսի նախագահի և Ադրբեջանի դեսպանի հանդիպմանը ՀԱՊԿ ներքին հարցերի քննարկմանն առնչվող իրավիճակին` Նիկոլ Փաշինյանը նախօրեին հիշեցրել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն արդեն արձագանքել է այդ իրավիճակին: «Դա մոտավորապես նույն կլինի, եթե, օրինակ, ես որևէ օտարերկրյա դեսպանի, ՀԱՊԿ անդամ չհանդիսացող երկրից, հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին, ռազմաքաղաքական դաշինքի պետությունների ղեկավարների դռնփակ քննարկման մասին։ Ես զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ: Եվ ես, իհարկե, պետք է պարզաբանումներ պահանջեմ Բելառուսի նախագահից և ոչ միայն Բելառուսի նախագահից»: Այդ առնչությամբ վարչապետի պաշտոնակատարը փաստել է, որ ձեռք բերված պայմանավորվածություններին հակասող հայտարարություններ է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարով, թե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը։ «Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, առավել ևս, որ Հայաստանի արտգործնախարարն այսօր իր դիրքորոշումը հստակ արտահայտել է։ Կարծում եմ շատ կարևոր է, որ ՀԱՊԿ շրջանակում մենք շատ հստակ խոսակցություն ունենանք դաշնակիցների հետ, և կողմերից յուրաքանչյուրի համար պարզ լինի, թե ինքը ինչ պարտավորություն ունի մյուսների հանդեպ, և, ընդհանրապես, կազմամկերպության անդամ երկրները ինչ պարտավորություններ ունեն կազմակերպության և անդամ մյուս երկրների հանդեպ»,- հայտարարել է վարչապետի պաշտոնակատարը։
Փաշինյանը դրական է պատասխանել այն հարցին, թե արդյոք այդ իրավիճակը քննարկվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում: «Այո, ՌԴ նախագահ Պուտինի հետ հեռախոսազրույցի ընթացքում նաև այդ հարցն ենք քննարկել, և մենք շարունակում ենք երկխոսությունը ՀԱՊԿ գործընկերների հետ, որպեսզի ի վերջո հասնենք փոխըմբռնման՚, - նշել է նա։
Հիշցնենք, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը պատմել էր Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովի մանրամասները, ինչը հակազդեցություն էր հարուցել Երևանում: Մասնավորապես, նոյեմբերի 13-ին մամուլի ասուլիսում Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով Բելառուսի նախագահի և Ադրբեջանի դեսպանի միջև ՀԱՊԿ ներքին օրակարգի քննարկմանը և այդ քայլի կոռեկտությանը Երևանի տեսնկյունից, հատկապես, հաշվի առնելով հարցերի քննարկումը Հայաստանի համար ոչ բարեկամ երկրի ներկայացուցչի հետ, հայտարարել էր. «Հայաստանը ՀԱՊԿ-ը համարում է վեց երկրների շահերի քննարկման հարթակ, և այդօրինակ երևույթները վկայում են այն մասին, որ կազմակերպության ներսում կան խնդիրներ, որոնք անհրաժեշտ է վերացնել: Երևանում կարծում են, որ նմանօրինակ քննարկումները կոռեկտ չեն՚: