Արմինֆո. Հայաստանը հստակ նշել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների առնչությամբ իր դիրքորոշումը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
Պատասխանելով այն հարցին, թե հակաիրանական պատժամիջոցները, որոնք խոստանում է խստացնել Վաշինգտոնը, ինչպես կարող են անդրադառնալ հայ-իրանական հարաբերությունների վրա՝ Մնացականյանը, մասնավորապես, ասել է. <Սա մեզ համար չափազանց զգայուն հարց է, քանի որ Իրանը Հայաստանի կարևոր գործընկերն է, որի հետ մենք ունենք հաստատված երկկողմ օրակարգ, և այն տարածաշրջանի ներկայիս իրողությունների համատեքստում չափազանց կարևոր է: Մենք առաջիններից ենք, որ 2015 թ. ողջունել ենք միջուկային համաձայնագրի բանակցություններում առաջընթացը: Ներկա իրավիճակում մենք շփման մեջ ենք գտնվում մեր բոլոր գործընկերների հետ` Ռուսաստանի, ԵՄ երկրների, ԱՄՆ-ի և Իրանի հետ` մեր շահերը ապահովելու և տարածաշրջանային կայունությունը պահպանելու նպատակով>, - ասել է Մնացականյանը: