Արմինֆո. Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց՝ ներքին բնույթի իրավական խնդիրների պատճառով: Այդ մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը:
Պատասխանելով այն հարցին, թե կարելի է արդյոք այսօր համարել, որ Հայաստանը կորցրել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ Մնացականյանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ-ն անվտանգության ոլորտում վեց գործընկերների ռազմաքաղաքական համագործակցության հարթակ է:
<Հայաստանը պետք է պահպանի գլխավոր քարտուղարի պաշտոնը, դրա համար մենք ունենք կադրային լավ ներուժ: Միաժամանակ հարցի հիմքում հետևյալն է. առաջին հերթին՝ նորմատիվ բազան չի նախատեսում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների կատարման անհնարինության հետ կապված հարցերի կարգավորման համար ինչ–որ կոնկրետ լուծումներ, երկրորդ՝ որոշումներն ընդունվում են կոնսենսուսով, երրորդ՝ կազմակերպության հեղինակությունը, կենսունակությունը, արդյունավետությունը չափազանց կարևոր են Հայաստանի համար։ Որպես ՀԱՊԿ անդամ՝ մենք շահագրգռված ենք ուժեղ կազմակերպության հարցում և մեր ներդրումն ենք կատարում դրանում>,- ասել է նա՝ ավելացնելով, որ Հայաստանը նախաձեռնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման գործընթաց, քանի որ կային ներքին բնույթի իրավական խնդիրներ:
<Եվ արել ենք դա, որպեսզի հենց սկզբից տարանջատենք կազմակերպությունն ու մեր երկրի ներքին գործերը: Մեր մոտեցումն ուղղված է ընդհանուր առմամբ կազմակերպության գործունեության ամրապնդմանը, լայն իմաստով բոլոր վեց անդամների համախմբվածության ուժեղացմանը։ Այնպես որ՝ պատասխանելով հարցին կասեմ, որ ոչ՝ չի նշանակում։ ՀԱՊԿ կազմում վեց իրավահավասար անդամներ են, և որոշումներն այստեղ կոնսենսուսով են ընդունվում>- ընդգծել է նա: