Արմինֆո Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը նախօրեին Փարիզում հանդիպում է ունեցել Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանի հետ: Նախագահը շնորհավորել է Հասմիկ Տոլմաջյանին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, նրան մաղթել արդյունավետ աշխատանք:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Ֆրանսիա կապերի ամրապնդմանը վերաբերող հարցեր: Նախագահ Սահակյանը կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում Արցախի եւ Հայաստանի դիվանագիտական առաքելությունների սերտ փոխգործակցությունը՝ այն համարելով նախանշված ծրագրերի հաջող իրականացման անհրաժեշտ պայման:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդեցին Արցախի նախագահի մամուլի ծառայությունից, նույն օրը Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել նաև Ֆրանսիա-Արցախ բարեկամության շրջանակի մի խումբ անդամների հետ: Քննարկվել են Ֆրանսիա-Արցախ հարաբերություններին վերաբերող տարբեր հարցեր: Արցախի նախագահը նշել է, որ Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը՝ շնորհակալություն հայտնելով շրջանակի անդամներին երկկողմ հարաբերությունների խորացմանն ու ընդլայնմանն ուղղված ջանքերի համար: