Արմինֆո Սասնա Ծռեր համահայկական կուսակցությունն իր մտահոգությունն է հայտնում առաջիկա արտահերթ ընտրությունների արդյունքում ձևավորվելիք խորհրդարանում քաղաքական բազմակարծության ապագայի վերաբերյալ:
«Հին ընտրական օրենսգրքի, հատկապես ռեյտինգային համակարգի պահպանումով, բարդացավ, իսկ որոշ քաղաքական ուժերի համար անգամ անհնարին դարձավ գալիք ընտրություններին մասնակցությունը, որը վտանգում է ժողովրդական քաղաքական համակարգի կայացումը Հայաստանում, իսկ ստեղծվելիք խորդարանին հաղորդում ժամանակավոր և անցումային բնույթ: Օլիգարխիայի մնացուկների վերստին մուտքը նոր խորհրդարան կլիներ բազմակարծության և ընդդիմության միրաժ, իսկ իրականում օտար ուժերի ձեռքին ական՝ դրված Թավշյա հեղափոխության տակ:
Սասնա Ծռեր կուսակցությունը, վայելելով հասարակության լայն շրջանների աջակցությունը և մասնակցելով ընտրությններին, լի է վճռականությամբ դառնալու պառլամենտական այն ուժը, որը հետապնդելու է կուսակցությունների մասին օրենքի և ընտրական օրենսգրքի այնպիսի փոփոխություններ, որոնք քաղաքական կյանքին մասնակցության համար հավասար պայմաններ կստեղծեն իրական քաղաքական ուժերի համար՝ անկախ իրենց դավանած հայացքներից՚, - ասվում է «Սասնա Ծռեր՚ կուսակցության մամուլի ծառայությունից ԱրմԻնֆո-ին տրամադրված հայտարարությունում: