Արմինֆո. Ռամկավար ազատական կուսակցությունն առաջիկա արտահերթ ընտրություններին չի մասնակցի: Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված ՌԱԿ հայտարարությունում:
«2018 թվականի դեկտեմբերի 9-ին նշանակված խորհրդարանական արտահերթ ընտրություններից ժողովուրդը մեծ ակնկալիքներ ունի: Ենթադրվում է, որ այդ ընտրությունները կլինեն Թավշյա հեղափոխության շարունակությունը և երկրում սկսված փոփոխությունները կհանգեն իրենց տրամաբանական ավարտին: Ռամկավար Ազատական կուսակցությունը մի քանի օբյեկտիվ պատճառներով որոշեց ընտրություններին չմասնակցել: Միաժամանակ կուսակցությունը հավատարիմ մնալով իր որդեգրած <<ժողովրդի հետ, ժողովրդի համար>> հավատամքին, իր անդամներին և համակիրներին կոչ է անում իրենց ձայնը տալ «Իմ քայլը» դաշինքին: Այսինքն`ձայն տալ ժողովրդի ցանկությունն արտահայտողներին, դրական վերափոխումներին և առաջընթացին: Կուսակցությունը հույս ունի, որ դրանով իր համեստ նպաստն է բերում Հայրենիքի հետագա զարգացմանն ու հայ ժողովրդի դարավոր երազանքների իրագործմանը՚, - ասվում է հայտարարությունում:
Արտահերթ խորհրդարանական ընտրություններին չմասնակցելու որոշում է կայացրել նաև «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը, որը, «հավատարիմ մնալով պետության ապագայի նկատմամբ իր պատկերացումներին՚, հայտարարել է հետևյալը.
«Երկրի զարգացման այս հանգրվանում որոշում է կայացվել չմասնակցել հետևյալ հիմնավորմամբ. Համակարգային վերափոխումների հայտ ներկայացրած Նիկոլ Փաշինյանին և իր քաղաքական թիմին պետք է հնարավորություն տալ լիարժեք դրսևորվելու և սեփական ծրագրերն իրագործելու համար: Այս քաղաքական թիմը վաստակել է երկրում իշխանություն ձևավորելու և ամբողջական քաղաքական պատասխանատվություն կրելու իրավունքը: Նշված պարագայում «Արժանապատիվ Ապագա» կուսակցությունը նպատակահարմար չի համարում իր ռեսուրսները վատնել՝ իշխանության համար պայքար մղելու ուղղությամբ: Մեզ համար այս փուլում նախընտրելի չէ նաև գործել ընդդիմադիր դաշտում, քանի որ կուսակցությունը միշտ հանդես է եկել արմատական վերափոխումների հրատապ անհրաժեշտության դիրքերից, ինչի հանձնառությունն այժմ վերցրել է Նիկոլ Փաշինյանը և իր քաղաքական թիմը, Միևնույն ժամանակ կուսակցությունը, հաշվի առնելով տասնամյակների ընթացքում կուտակած մասնագիտական փորձը, կարողությունները և հեղինակությունը, պատրաստակամություն է հայտնում կիսվել իր փորձառությամբ և գիտելիքներով՝ իր կառուցողական ներուժը երկրի զարգացմանը ծառայեցնելով, Դրա հետ մեկտեղ, կուսակցությունը որևէ կաշկանդվածություն չի ունենալու քննադատական դիրքերից հանդես գալու այն դեպքերում, երբ երկրի ղեկավարությունը կատարի մեր համոզմունքներին և տեսակետներին հակառակ քայլեր,Արտախորհրդարանական ակտիվ գաղափարական գործունեությունն է լինելու մեր կուսակցության գործելաոճն առաջիկայում:
Համոզված ենք, որ երկրի կառավարման կարևորագույն օղակները պետք է ղեկավարվեն արհեստավարժ մասնագետների կողմից: Քաղաքական լոյալությունը կամ կառավարող կուսակցական ուժին պատկանելությունը բավարար փաստարկներ չեն պետական պաշտոն զբաղեցնելու համար: Հետևողական ենք լինելու, որ հետագայում նոր Ընտրական օրենսգրքի մեջ զետեղվի կետ, որով անհապաղ կերպով հետ կվերադարձվի 1991թ.-ից ի վեր՝ ապրուստի հնարավորություն ստեղծելու, ընտանիքի տարրական կարիքները հոգալու պատճառով երկիրը լքած մեր բոլոր քաղաքացիների ընտրության և ընտրվելու իրավունքը և հնարավորությունը։ Մենք մեծ կարևորություն ենք տալիս Սփյուռքի մեր հայրենակիցների դերակատարությանը Հայաստան պետության ապագան կերտելու գործում: Մեր քաղաքական գործունեության կարևորագույն նպատակներից է նաև նոր Սահմանադրության ընդունումը՝ նախագահական համակարգի վերադարձով (նախագահի պաշտոնավարումը պետք է սահմանափակվի մեկ ժամկետով՝ 6-7 տարի տևողությամբ, և պաշտոնը ստանձնելուն պես նա պետք է դառնա անկուսակցական):
Ազատություն, Սեր, Արժանապատվություն, Բարեկեցություն, Ստեղծարար կյանք և Երջանկություն բոլորին»: