Արմինֆո.ՀՀԿ-ն չի կարող մրցակցություն կազմել «Քաղաքացիական պայմանագիր՚ կուսակցության կամ «Իմ քայլը՚ դաշինքի նկատմամբ: Նոյեմբերի 13-ին լրագրողների հետ զրույցում այդ մասին հայտարարել է փոխվարչապետի պաշատոնակատար Տիգրան Ավինյանը:
Նա նշել է, որ ՀՀԿ-ն, ինչպես մինչև հեղափոխությունը, այնպես էլ դրանից հետո իրավիճակին չի տիրապետում և ինչպես որ տապալել է կառավարող ուժ լինելու հնարավորությունը, այնպես էլ կարող է ձախողել ընդդիմություն լինելու հնարավորությունը: Ընդ որում, Ավինյանը շատ բարձր է գնահատել «Իմ քայլը՚ դաշինքի հնարավորություններն առաջիկա ընտրություններում` հրաժարվելով նշել ակնկալվող ձայների որոշակի տոկոս:
Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանն, իր հերթին, ՀՀԿ-ին կոչ է արել քաղաքական դադար առնել, քանի որ Հայաստանում բոլոր խնդիրներն արմատավորվել են հենց իր կառավարման շրջանում:
«Ելք՚ դաշինքի պատգամավոր, «Լուսավոր Հայաստան՚ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը վերստին համոզմունք է հայտնել, որ ՀՀԿ-ն չի անցնի խորհրդարան: Այդ ֆոնին նա չափազանց դրական է գնահատել իր կուսակցության շանսերն ընտրություններում: «Մենք ակնկալում ենք դառնալ երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանում՚, - ընդգծել է պատգամավորը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ նշել է, թե կուսակցությունը քննարկում է` ով է գլխավորելու համամասնական ցուցակը: Նա նույնպես դրական է գնահատել ՀՅԴ հնարավորություններն առաջիկա ընտրություններում, քանի որ, նրա ասելով, կուսակցությունը երբեք չի շեղվել իր ուղուց, ունի սեփական հայեցակարգ և համոզմունքներ: «Մենք վստահ ենք, որ մեր ընտրողները դա գնահատում են՚, - եզրափակել է Ռուստամյանը:
ՀՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն, իր հերթին, հայտարարել է, թե իրենց կուսակցությունն ունի բոլոր շանսերը` դառնալու երկրորդ քաղաքական ուժը խորհրդարանումմ, քանի որ միայն ՀՀԿ-ն է իրական ընդդիմություն:
Հավելենք, որ արտահերթ խորհրդարական ընտրությունները կանցկացվեն դեկտեմբերի 9-ին: Նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ին և կշարունակվի մինչև դեկտեմբերի 7-ը: Կուսակցություններն ու դաշինքները պետք է հայտերը ներկայացնեն մինչև նոյեմբերի 14-ի ժամը 18:00-ն: