Արմինֆո.Արտահերթ խորհրդարանական ընտրությունները համապատասխանում են այսօրվա օրենսդրության պահանջներին: Այդ մասին նոյեմբերի 13-ին Երևանում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Ուրշուլա Գաչեկը՝ պատասխանելով արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացի վրա շուտափույթ ընտրությունների հնարավոր ներգործության վերաբերյալ հարցին:
Նա նշել է, որ իրենք արդեն հանդիպում են անցկացրել ԿԸՀ ղեկավարության հետ: <Բարդ աշխատանք է սպասում իրենց, սակայն ԿԸՀ-ում հավաստիացրել են, որ որքան հնարավոր է օպերատիվ կաշխատեն: Կուսակցությունները նույնպես արդեն սկսել են նախապատրաստել ցուցակները: Անշուշտ, քաղաքական տեսակետից կար հանկարծակիություն, սակայն մենք առայժմ խոչընդոտներ չենք արձանագրել ցուցակների կազմման գործընթացում: Եթե նման գործընթացներ նկատվեն, դրանք տեղ կգտնեն զեկույցում>,- ասել է Գաչեկը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք 12 օրը քիչ չէ քարոզարշավի անցկացման համար՝ դիտորդական առաքելության ղեկավարը հայտարարել է, որ այդ հարցի առնչությամբ ընդունված ստանդարտներ չկան: <Պաշտոնական քարոզարշավը կտևի 12 օր, սակայն մինչ այդ մի շարք միջոցառումներ անցկացնելու համար արգելող մեխանիզմներ չկան: Յուրաքանչյուր երկիր իր օրենսդրությունը և մոտեցումներն ունի այդ հարցի առնչությամբ>,- ընդգծել է նա:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխման վերաբերյալ հարցին՝ Գաչեկն ասել է, որ իրենք տեղեկացված են, որ եղել են ԸՕ-ում փոփոխություններ մտցնելու փորձեր, սակայն խորհրդարանը դրանք չի հաստատել: <Այս ընտրություններում մենք կգործենք՝ հին ԸՕ համաձայն, և կարձանագրեք այն ամենը, ինչ կտեսնենք>,- եզրափակել է նա: