Արմինֆո.Գերմանիայի իրավապահ մարմինները չեն հաստատել երկրի տարածքում գործող մաֆիայի հետ Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի կապի վերաբերյալ տեղեկատվությունը: Նոյեմբերի 13-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա հիշեցրել է, որ ավելի վաղ պաշտոնական Երևանը դիմել էր Գերիմանիայի համապատասխան մարմիններին` մամուլում հայտնված պնդումների արժանահավատությունը ճշտելու համար: «Տեղեկատվությունը չի հաստատվել: Ավելին, Գերիմանիայի դատարանի որոշմամբ dw.com և Der Spiegel պարբերականները, ինչպես նաև այդ մասին տեղեկատվություն տարածած մյուս լրատվամիջոցները պարտավոր են հեռացնել մեր դեսպանությանն ու դսպանին վերաբերող արտահայտությունները՚, - նշել է ԱԳՆ ներկայացուցիչը: Նա նաև ընդգծել է, թե Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության բնականոն գործունեություը խոչընդոտելու փորձերը ձախողվել են, և դեսպանությունն աշխատում է հայ-գերմանական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ուղղությամբ:
Ավելի վաղ dw.com-ը Der Spiegel-ի վրա հղումով հրապարակել էլ հոդված, որում խոսք էր գնում « Գերմանիայում կովկասյան տարածաշրջանից հանցագործների հզոր ցանցի՚ և այն մասին, որ «երեք տարի շարունակ քննիչները գաղտնի գործողության շրջանակում փորձել են ձերբակալել հայկական մաֆիայի ներկայացուցիչներին՚: Fight against thieves in law՝ «Օրենքով գողերի» դեմ պայքար» ծածկանվամբ գաղտնի գործողությունը դարձել է Գերմանիայում կազմակերպված հանցավորությանը նվիրված ամենամեծ հետաքննություններից մեկը: Հանցավորության թեման անդրադարձել է նաև դիվանագիտական հարաբերությունների վրա: Der Spiegel-ի տեղեկության համաձայն՝ Գերմանիայում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը գերմանացի քննիչներին իր օգնությունն է առաջարկել հայկական մաֆիայի դեմ պայքարում, սակայն քրեական ոստիկանության դաշնային գերատեսչությունը խորհուրդ է տվել չհամաձայնել այդ համագործակցությանը, ընդգծելով, որ քննիչները չեն բացառում «օրենքով գողերի» կապերը ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ: