Արմինֆո.ՌԴ Պետդումայի պաշտպանության և անվտանգության կոմիտեի փոխնախագահ Յուրի Շվիտկինը մեկնաբանել է Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը Հայաստանի անվտանգության ապահովման գործում Ռուսաստանի դերի մասին:
Պատգամավորի խոսքով, ռազմական ագրեսիայի դեպքում Ռուսաստանը պատրաստ է ապահովել Հայաստանի անվտանգությունը: <Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Այդ երկրի հետ մեզ կապում են ջերմ, կառուցողական հարաբերությունները, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում: Մենք համատեղ պատասխանատվություն ենք կրում ՀԱՊԿ բոլոր պետությունների անվտանգության համար և պատրաստ ենք դիմակայել ցանկացած սպառնալիքի, որտեղից էլ որ այն բխի>,- պատգամավորի խոսքերը մեջ է բերում <Նորությունների դաշնային գործակալությունը>: Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը նախօրեին ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ռուսաստանի զինված ուժերը և ռուս սահմանապահները կարևոր դեր են խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում: