Արմինֆո. <Սասնա ծռեր> կուսակցության անդամ, ղարաբաղյան պատերազմի հերոս Ժիրայր Սեֆիլյանին կրկին մերժել են հետին թվով քաղաքացիություն շնորհելու հարցում։ Այդ մասին հայտնել է <Սասնա ծռեր> կուսակցության քարտուղարությունը՝ արձագանքելով Սեֆիլյանին քաղաքացիություն տրամադրելու հարցում հերթական մերժման շուրջ քննարկումների ակտիվացմանը։
Կուսակցությունը հիշեցնում է, որ Ժիրայր Սեֆիլյանն օգոստոսի 1-ին դիմել էր Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հետին ամսաթվով ՀՀ քաղաքացիություն ստանալու համար, սակայն, վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել է,որ այդ հարցը կարող է լուծվել դատական կարգով։
Այս առնչությամբ «Սասնա ծռեր» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ ասվում է․ «ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարն ըստ էության արձանագրում է, որ չկա Ժիրայր Սէֆիլյանին հետին թվով քաղաքացիություն շնորհելու ցանկություն և կամք և, եթե Ժիրայր Սէֆիլյանը համաձայն չէ այդ որոշման հետ, ապա կարող է դիմել դատարան»։
<Սասնա ծռերը> հիշեցնում է, որ Սեֆիլյանը օգոստոսի 2-ին սահմանված կարգով դիմում է ներկայացրել նաև սովորական ընթացակարգով քաղաքացիություն ստանալու համար։Նա իր դիմումին նաև առանձին նամակ է կցել, որ, ՀՀ վարչապետը, հաշվի առնելով քաղաքացիություն ստանալու վերաբերյալ իր նախկին դիմումները, քաղաքացիություն շնորհելու հարցը լուծի հետին թվով:<Երկու ամիս անց՝ հոկտեմբերի սկզբին, Ժիրայր Սէֆիլյանը ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարից պատասխան նամակ է ստացել, որտեղ նշվում է, որ նրա դիմումին սահմանված կարգով ընթացք է տրվել>,-ասված է հայտարարության մեջ։ Զուգահեռաբար՝ մի խումբ մտավորականներ ս.թ. օգոստոսի 7-ին դիմել էին ՀՀ վարչապետին՝ խնդրելով Ժիրայր Սէֆիլյանին քաղաքացիություն շնորհել հետին թվով, քանի որ նա նախկինում երեք անգամ դիմել է քաղաքացիություն ստանալու համար, սակայն նրա դիմումներն ապօրինի և անհիմն կերպով մերժվել են: Մինչդեռ, <Սասնա ծռերն> ընդգծում է, որ քաղաքացիություն շնորհելու լիազորությունը հայեցողական է, այսինքն՝ տվյալ պարագայում օրենքը չի արգելում հարգելի համարել Ժիրայր Սէֆիլյանի նախկին դիմումները և նրան քաղաքացիություն շնորհել հետին թվով: