Արմինֆո. – Թուրան: Եվրամիության Հարավային Կովկասի և Վրաստանի հակամարտությունների գծով հատուկ ներկայացուցիչ Թոյվո Քլաարը նախօրեին հանդիպել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների խմբի հետ: «Թուրանի՚ հաղորդման համաձայն, հանդիպմանը մասնակցել են Կանանց իրավունքների պաշտպանության միության ղեկավար Նովելա Ջաֆարօղլուն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Ադրբեջանի ազգային կոմիտեի նախագահ Արզու Աբդուլլաեւան, Հումանիտար հետազոտությունների ընկերության նախագահ Ավազ Հասանովը եւ Միջազգային ճգնաժամային խմբի խորհրդատու Զաուր Շիրիեւը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Դուշանբեի հանդիպման դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում: Բացի այդ, հարց է բարձրացվել ադրբեջանական ՀԿ-ների ներկա ծանր վիճակի, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնման բնագավառում դրամաշնորհային ծրագրերի իրականացման անհնարինության մասին: Հանդիպման ընթացքում նշվել է, որ Եվրամիությունը իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության հետ քննարկում է հակամարտության խաղաղ կարգավորման համար եռամյա ծրագրի իրագործման հնարավորությունը:
«Հանդիպման ընթացքում նաեւ նշվել է, որ 2015-18 թվականներին արդեն իրականացված ԵՄ ծրագրի շրջանակներում որոշակի ռեսուրսներ են ստեղծվել, սակայն Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ներկա ծանր իրավիճակը թույլ չի տալիս այդ ռեսուրսները հասցնել լսարանին», - ասել է Հասանովը: