Արմինֆո. Չեմ կարծում, թե ԱՄՆ-ը զենք վաճառի Հայաստանին և Ադրբեջանին, բայց խոսակցություններ կվարի, նոյեմբերի 9-ին Երևան-Մոսկվա-Տալլին տեսակամուրջի ընթացքում հայտարարել է ՌԴ Դաշնության խորհրդի Պաշտպանության և անվտանգության կոմիտեի անդամ Ֆրանց Կլինցևիչը՝ անդրադառնալով Վաշինգտոնի կողմից Երևանին և Բաքվին սպառազինության վաճառքի հեռանկարներին:
Կլինցևիչը գտնում է, որ ստեղծված իրողություններում ԱՄՆ-ը Ռուսաստանի և տարածաշրջանում վերջինիս գործընկերների միջև պառակտում մտցնելու նպատակ է հետապնդում: Այս առումով նա հիշեցրել է, որ Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ Հայաստանը հետխորհրդային տարածությունում ամենաբարեկամ երկրներից մեկն է, և երբեք չի դավաճանել Ռուսաստանին: <Չեմ կարծում, թե ԱՄՆ-ը զենք վաճառի Հայաստանին և Ադրբեջանին, բայց խոսակցություններ կվարի, քանի որ դա մեր հարևաններին և Ռուսաստանին առնչվող չափազանց բարդ հարց է: Սակայն, ԱՄՆ-ը ամեն բանում փող է տեսնում, այդ պատճառով կփորձի հին, բայց հուսալի զենք վաճառել այնպիսի երկրների, ինչպես՝ Հայաստանը, Ադրբեջանը և Ուկրաինան>,- ասել է նա:
Պատգամավորն ավելացրել է, որ ԱՄՆ-ը կշարունակի շահարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը՝ Ռուսաստանին վնասելու նպատակով:
Նշենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը, Երևան այցի ընթացքում անդրադառնալով Ադրբեջանին ամերիկյան զենքի հնարավոր վաճառքին, մասնավորապես, ասել էր. <Չեմ կարող կանխատեսել, թե ինչպիսին այն կլինի զենքի վաճառքն ավելացնելու մասով: Բայց իրավիճակն այնպիսին է, որ Հայաստանն իր սպառազինության մեծ մասը ձեռք է բերում Ռուսաստանից, Ադրբեջանը նույնպես իր զենքի ավելի քան 80 տոկոսը ձեռք է բերում ՌԴ-ից: Այս հանգամանքը, անշուշտ, չի նպաստում ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Այդ փաստը լուրջ գործիք է կողմերի վրա ազդելու համար և չի հանգեցնում խաղաղության: Մենք՝ ամերիկացիներս, հավատում ենք, որ մրցակցությունը շարժիչ ուժ է։ Եվ մեր զինամթերքն ավելի լավն է, քան ռուսականը։ Կարծում եմ, որ մենք պետք է քննության առնենք այդ հարցը՝ մեր օրենքների շրջանակներում>: