Արմինֆո. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կարծում է, որ ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար կդառնա Բելառուսի ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մեզ մոտ կոլիզիա է այն առնչությամբ, որ Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը գլխավոր քարտուղար էր և հետ կանչվեց՚, - հիշեցրել է Նազարբաևը` լրագրողների հետ զրույցում ամփոփելով ՀԱՊԿ գագաթնաժողովի արդյունքները:
Նազարբաևը նշել է, որ ՀԱՊԿ կանոնադրության համաձայն, Հայաստանից հետո գալիս է Բելառուսը: Նրա ասելով, ՀԱՊԿ անդամ բոլոր պետությունների ղեկավարներն նշել են, որ իրենց հարկավոր է գործող գլխավոր քարտուղար` բելառուսական կողմից, և այդ հարցը կորոշվի դեկտեմբերի 6-ին Սանկտ Պետերբուրգում:
Հիշեցնենք, որ Հայաստանի նախաձեռնությամբ նոյեմբերի 2-ին ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովն ազատվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից և արդեն վերադարձել է Հայաստան: 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով Յուրի Խաչատուրովին, ինչպես նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին և մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նրանք այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել են ՀՀ սահմանադրական կարգը: