Արմինֆո. Հայաստանի պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը «բացարձակ սուտ՚ է որակել տեղեկատվությունը, թե Բաքուն Երևանին առաջարկել է գերիների փոխանակում իրականացնել: «Նոյեմբերի 8-ի ժամը 10:20-ի դրույթյամբ Հայաստանի ՊՆ նման առաջարկություն չի ստացել՚, - հայտարարել է նա լրագրողների հետ զրույցում:
Փոխնախարարի ասելով, նման առաջարկություններն, ավանդաբար, պաշտպանական գերատեսչությունն ստանում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի խողովակներով: «Ես, ընդհանրապես, չեմ պատկերացնում, թե ինչի մասին կարող է խոսք լինել, հաշվի առնելով փաստը, որ ոչ Հայաստանում, ոչ Արցախում ռազմագերիներ չկան: Մենք այդ առումով բավականին թափանցիկ ենք աշխատում: Եթե նման նախաձեռնություն, անգամ, եղել է, ապա, ենթադրում եմ, որ ԿԽՄԿ, որը տնօրինում է իրավիճակը, հասկանում է, որ այդ առաջարկությունը, պարզապես, հայտարարություն է ներքին, կամ, հնարավոր է, արտաքին սպառման համար, որը ոչ մի հիմնավորում չունի:
Նախօրեին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ԿԽՄԿ Երևանի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտարարել էր, թե ԿԽՄԿ գերիների փոխանակման հարցում պատրաստ է հանդես գալ չեզոք միջնորդի դերում ` շահագրգիռ բոլոր կողմերի համաձայնության պայմանով: Մինչդեռ, Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, պատասխանելով Ադրբեջանի հետ ռազմագերիների հնարավոր փոխանակման վերաբերյալ լրագրողների հարցին, ընդգծել է, որ հայկական կողմում ադրբեջանցի ռազմագերի չկա: Ընդ որում, նա հավելել է, որ Հյաստանը գերիների փոխանակման վերաբերյալ Ադրբեջանից պաշտոնական առաջարկություն չի ստացել:
Հիշեցնենք, որ Ադրբեջանում գերեվարված են Հայաստանի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը, Կարեն Ղազարյանը և Զավեն Կարապետյանը: Հայկական կողմում կալանավայրում պատիժ են կրում ադրբեջանցի դիվերսանտներ Դիլգամ Ասկերովն ու Շախբազ Գուլիևը, ինչպես նաև զինծառայող Էլնուր Գուսեյինզադեն, որը նույնպես մասնակցել է դիվերսիոն գործողությունների: